«Փոքր Մհեր»-ում հիմնախնդիրն ավելի գլոբալ է, քան պարզ կոնֆլիկտ. Լևոն Մկրտչյան
Կրթություն, գիտություն
18:16 06/12/2016
Հայաստան

«Փոքր Մհեր»-ում հիմնախնդիրն ավելի գլոբալ է, քան պարզ կոնֆլիկտ. Լևոն Մկրտչյան

«Փոքր Մհեր» կրթահամալիրում  կանցկացվի շատ լայն ծառայողական քննություն, որից հետո  հնարավոր է կանոնադրությունում լինեն փոփոխություններ, նաև խորհրդի ձևաչափը փոփոխվի, որովհետև այն, ինչ ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանը, ինչ տեսան մեր տղաներն այնտեղ, ավելի գլոբալ հիմնախնդիր է, քան պարզ կոնֆլիկտ,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նա ընգծեց, որ «Փոքր Մհեր»-ը լավ ու կարևոր հաստատություն է, երեխաները լավն են, ու պետք է կարողանան լուծումներ գտնել:

Խոսելով ուսանողներին զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու կարգում փոփոխությունների մասին՝ նախարարն ասաց, որ այս տարի չեն լինի,  քանի որ նման փոփոխությունները կատարվում են մինչև դեկտեմբեր: Միաժամանակ Լ. Մկրտչյանն ասաց, որ,  այս հարցը մեծ մասամբ արդան լուծված է, ըստ էության, ուսանողների մեծ մասին զորակոչում են:

«Խոսքն ամեն տարի միայն 600-800 ուսանողի մասին է, որ չեն զորակոչվում: Պատկերացրեք` նույն կուրսում 15 երիտասարդից 10-ը զորակոչվում է, 5-ը չի զորակոչվում: Ինչո՞ւ չի զորակոչվում.  Որովհետև քննությունների ժամանակ կես միավորի տարբերություն է եղել: Այս հիմնախնդիրը շատ վատ մթնոլորտ է ստեղծում մեր համալսարաններում: Այստեղ հարկավոր է կոմպլեքս լուծում: Համակարգում պետք է նույն սկզբունքը կիրառվի: Այսինքն՝ տարկետման խնդիրն ավելի շատ կրթության նախարարության հետ կապված խնդիր է, քան զորակոչի:
Եթե բակալավրիատում այս խնդիրը կարգավորվեց, երիտասարդը կգնա, կծառայի,  կգա և կշարունակի իր կրթությունը մագիստրատուրայում և ասպիրանտուրայում: Ես ձեզ վստահեցնում եմ, որ շատ երիտասարդներ զինվորական ծառայությունից հետո շարունակում են իրենց ուսումը և մագիստրատուրայում, և ասպիրանտուրայում»,- ասաց նախարարը:

Լ. Մկրտչյանի խոսքով՝ կան մասնագիտություններ, հիմնականում բնագիտական ուղղություններում, որտեղ տարկետումը պետք է հասցեական լինի: Նա նշեց, որ այստեղ խնդիրը կարող է լուծվել, եթե աշխատի ռազմարդյունաբերական համալիրը, նույն երիտասարդները կարող են զորակոչվել և չկտրվել  իրենց մասնագիտությունից:
 

Placeholder
«Փոքր Մհեր»-ում հիմնախնդիրն ավելի գլոբալ է, քան պարզ կոնֆլիկտ. Լևոն Մկրտչյան