Մատենադարանի կառավարման խորհուրդը դեռևս չի համալրվել
Կրթություն, գիտություն
12:00 10/01/2017
Հայաստան

Մատենադարանի կառավարման խորհուրդը դեռևս չի համալրվել

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահից  անցել է արդեն չորս ամիս, սակայն դեռևս տնօրենի պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել: Panorama.am-ի հետ զրույցում Մատենադարանի տնօրենի նորագույն տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերի գծով խորհրդական Գուրգեն Գասպարյանն ասաց, որ, ըստ օրենքի, ժամանակավոր պաշտոնակատարն առավելագույնը վեց ամիս կարող է պաշտոնավարել, վեց ամսվա ընթացքում պետք է տնօրենի պաշտոնի համար հայտարարվի մրցույթ և մրցույթը պետք է կայանա:

Նա նշեց, որ ժամկետը լրանում է ապրիլի սկզբին և մինչ այդ կհայտարարվի մրցույթ:

Եթե մրցույթի արդյունքում որևէ մեկը չընտրվի, այդ դեպքում պաշտոնակատարը ևս երեք ամիս կշարունակի պաշտոնավարումը: Եթե այդ ընթացքում էլ չընտրվի տնօրեն,  կնշանակվի նոր պաշտոնակատար՝ մինչև ընտրվի տնօրեն:

Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Գ. Գասպարյանն ասել էր, որ Մատենադարանի տնօրենն ընտրվում է Մատենադարանի կառավարման խորհրդի կողմից. «Խորհուրդի կազմում պետք է ընդգրկված լինի 39 հոգի՝ կեսը մատենադարանցիները, կեսը՝ կառավարության ներկայացուցիչներ: Տնօրենի ընտրությանը պետք է բոլոր 39 հոգին ներկա լինեն: Սակայն այսօր  խորհրդի կազմում 39 հոգի չկա. որոշ մարդիկ գնացել են,  նաև կառավարությունում են փոփոխություններ եղել: Խորհրդի կազմի համալրումից հետո  կհայտարարվի մրցույթ»:

Հարցին, թե դեռևս չի՞ համալրվել կառավարման խորհրդի կազմը, նա բացասական պատասխան տվեց. «Տարին նոր է սկսվել»: 

Պատասխանելով հարցին, թե բացի խորհրդի կազմի համալրումից, արդյո՞ք այլ պատճառներ էլ կա, որ հետաձգվում է մրցույթի հայտարարումը, Գ. Գասպարյանն ասաց. «Չէ, չեմ կարծում: Հիմնականում դա: Պետք է մարդիկ ազատ լինեն, որ զբաղվեն նաև այդ հարցով»:

Placeholder
Մատենադարանի կառավարման խորհուրդը դեռևս չի համալրվել