Դպրոցների դաշնակցական տնօրենների թիվը այս ընթացքում չի աճել. Լևոն Մկրտչյան
Կրթություն, գիտություն
17:17 24/01/2017

Դպրոցների դաշնակցական տնօրենների թիվը այս ընթացքում չի աճել. Լևոն Մկրտչյան

«Ինչքան ստանձնել եմ կրթության նախարարի պաշտոնը, ընտրությունների նախաշեմ է եղել, ու միշտ շրջաբերական ենք ուղարկել, ու անձնական համոզում եմ ունեցել, որ դպրոցը պետք է հնարավորինս հեռու պահենք քաղաքականությունից», -այսօր «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում հայտարարեց Կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է արվելու ընտրություններից առաջ Հայաստանի դպրոցները հեռու պահելու քաղաքականությունից այն դեպքում, երբ դպրոցների ուսուցչական անձնակազմի մեծ մասը Հանրապետականներ են:

Պաշտոնյան նկատեց, որ գյուղական փոքր համայնքներում դպրոցների տնօրեններն ու ուսուցչական անձնակազմն է, որ քաղաքական մշակույթ է ձևավորում և հնարավոր չէ նրանց համոզել, որ չունենան քաղաքական համոզումներ:

Ինչ վերաբերում է դպրոցների՝ ընտրատեղամասեր դառնալուն, Մկրտչյանն ասաց, որ շենքային պայմաններ չկան ու «աշխարհի շատ երկրներում է այդպես»:

«Իսկ թե ի՞նչ անել, որ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները իրենց կամքին հակառակ չմտնեն կուսակցություններ ու իրենց հերթին չպարտադրեն ծնողներին, ապա դա պետք է անենք միասին: Պետք է այդ հարցին շատ մեծ ուշադրություն դարձնենք: Ընտրական այս համակարգը, երբ ընտրության մեծ հնարավորություն ու բազմազանություն կա, շատ դժվար է ծնողին ասել, որ այսպես կամ այնպես պետք է անես», -հայտարարեց Մկրտչյանը:

Հարցին, թե երբ ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանն էր ԿԳ նախարար, դպրոցներում բոլորը դարձան Հանրապետականի անդամ, չի՞ կարծում, որ հիմա բոլորը կսկսեն անդամակցել Դաշնակցությանը, Մկրտչյանը պատասխանեց.

«Չէ, նման բան չի կարող լինել: Դպրոցների դաշնակցական տնօրենների թիվը այս ընթացքում չի աճել: Մեր կուսակցությունը գտնում է, որ եթե ադմինիստրատիվ լծակը կիրառելով փորձում ես այնպես անել, որ մարդիկ դառնան կուսակցության անդամ, ապա դա թուլացնում է տվյալ կուսակցությանը»:

Placeholder
Դպրոցների դաշնակցական տնօրենների թիվը այս ընթացքում չի աճել. Լևոն Մկրտչյան