Լևոն Մկրտչյան. Բնագիտական թևն ունի լուրջ անկում
Կրթություն, գիտություն
13:07 16/02/2017

Լևոն Մկրտչյան. Բնագիտական թևն ունի լուրջ անկում

Վերջին տարիների ընթացքում կրթական համակարգում նկատվում է «հումանիտարացման» միտում: Երևանի թիվ 118 ավագ դպրոցում մայրաքաղաքի ավագ դպրոցների տնօրենների հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Մասնագիտությամբ պատմաբան նախարարը նշել է, որ գիտի հումանիտար կրթության կարևորությունը:

«Բայց այսօր մենք ունենք մի պատկեր, երբ բուհական համակարգում բակալավրի կրթական աստիճան ստացողների 70 տոկոսն ունեն հումանիտար կրթություն: Իսկ բնագիտական մասնագիտություն ունեցողների մեծ մասը շատ արագ վերապրոֆիլավորվում է դեպի ՏՏ ոլորտ, որտեղ աշխատատեղերի մեծ պահանջարկ կա: Արդյունքում բնագիտական թևն ունի լուրջ անկում, որի արմատները գալիս են դպրոցից»,-ասել է նա:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Լ. Մկրտչյանն ընդգծել է, որ նախ դպրոցում պետք է  ուժեղացնել այդ ուղղվածությունը, որը հետո կտեղափոխվի բուհ:

«Կա թյուր կարծիք, թե Հայաստանում բարձրագույն կրթությունն ընդգծված մասսայական է, մինչդեռ, ըստ ցուցանիշների, եվրոպական բազմաթիվ երկրներում բարձրագույն կրթության միջին ցուցանիշը մոտ 70 տոկոս է կազմում, իսկ Հայաստանում բուհ սովորողների թիվը 55-57 տոկոսի սահմաններում է տատանվում, որը մոտ է եվրոպական նվազագույն սանդղակին»,-ասել է նա:

Նա ընդգծել է, որ  ավագ դպրոցի ծրագրերի բեռնաթափումն անհրաժեշտություն է, և այդ տեսանկյունից ավագ դպրոցի առջև երկու կարևոր խնդիր է դրվում. առաջին՝ ավագ դպրոցը սովորողին պետք է ապահովի գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են նախընտրած  մասնագիտությամբ բուհ ընդունվելու համար, և երկրորդ՝ ավագ դպրոցում պիտի դաստիարակվի նաև քաղաքաց:

«Կան պարտադիր առարկաներ, որոնք անպայման պետք է պահենք, օրինակ՝ «Նախնական զինվորական պատրաստությունը»: Այսինքն, բեռնաթափմանը զուգահեռ, մենք պիտի պահենք դպրոցի դաստիարակչական գործառույթը: Մենք պիտի հաշվի առնենք, որ կան նաև երեխաներ, որոնք չեն ուզում գնալ բուհ, այդ դեպքում նրանց պետք է նախապատրաստենք որևէ այլ մասնագիտության, որը պահանջված է շուկայում»,- նշել է նախարարը:

Placeholder
Լևոն Մկրտչյան. Բնագիտական թևն ունի լուրջ անկում