Մեր այցելություններից միշտ նոր գաղափարներ են ծնվում. Կասպերսկի
Կրթություն, գիտություն
18:09 03/03/2017
Հայաստան

Մեր այցելություններից միշտ նոր գաղափարներ են ծնվում. Կասպերսկի

Տեղեկատվական տեխնոլագիաների ներկա տարածման միտումն ու դրանով պայմանավորված մարտահրավերները հաշվի առենլով, ՀՀ  կրթության և գիտության նախարարության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և «Կասպերսկի Լաբորատորիա» բաժնետիրական ընկերության  միջև այսօր ստորագրվեց կրթության ոլորտում տեղեկատվական անվտանգության համագործակցության մասին հուշագիր:

Հուշագրի ստորագրումը պայմանավորված է էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության, երեխաների և ծնողների՝ ինտերնետից անվտանգ օգտվելու հմտությունների զարգացման ու անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկվածության անհրաժեշտությամբ:

Ստորագրման արարողությունից հետո Կասպերսկի Լաբորատորիաներ ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին նշեց, որ ամեն անգամ հաճույքով է գալիս Հայաստան։

«Հայաստանում լուսավոր ուղեղներ կան ու մեր այցելություններից միշտ նոր գաղափարներ են ծնվում։ Մեր համագործակցությունը Հայաստանի հետ ընդլայնվում է, աշխատելն այստեղ շատ հաճելի է»,- նշեց նա։

Կասպերսկու խոսքով՝ կիբերհարթակում ամեն օր նոր սպառնալիքներ ու վտանգներ են ի հայտ գալիս և հարձակման վտանգի տակ են գտնվում ինտերնետ բոլոր ծառայությունները. «Եղել է ժամանակ, երբ երեխաները կարող էին «շրջել» ինտերնետում և վախենալու ոչինչ չկար դրանում, սակայն հիմա այդպես չէ։ Հիմա սպառնալիքներ բոլոր կիբերուղղություններով են»։

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը և նրանց կողմից ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը կարևոր նախապայման է երեխաների մտավոր, հոգեբանական և ֆիզիկական զարգացվածության ապահովման համար:

«Մեզ շատ մեծ օգնություն է, մեզ հնարավորություն է տրվում էլեկտրոնային կրթության, դասավանդման ձևաչափերում մտցնել շատ կարևոր անվտանգության համակարգեր, երեխաներին դաստիարակելու, պաշտպանելու և ավելի բարդ խնդիրներ լուծելու համար։ Ծրագիրը դպրոցներում կներառվի այս տարվա սեպտեմբերից»,- հավելեց նախարարը։

Նշենք, որ հուշագրով նախատեսվում է Կասպերսկի Լաբորատորիայի կողմից փորձառության տրամադրում, ինչպես նաև  կիբերվտանգների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության փոխանակման կարգավորում կողմերի՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Կասպերսկի Լաբորատորիայի միջև:

 

Placeholder
Մեր այցելություններից միշտ նոր գաղափարներ են ծնվում. Կասպերսկի