«Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»
Մշակույթ
15:51 03/03/2017
Հայաստան

«Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»

«Հին Երևան» նախագծին Panorama.am կայքն անդրադարձել է բազմաթիվ հրապարակումներով, ներկայացրել արվեստի, մշակույթի գործիչների կարծիքներ, որոնք, բնականաբար, բացասական են: Վերջերս նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը հայտարարել է, որ շուտով կսկսվի շինարարական աշխատանքները: Հետևելով այդ աշխատանքներին, հազիվ թե մարդկանց բացասական տրամադրվածությունը փոխվի, քանի որ ակնկալիքներ չունեն, որ ծրագրի ավարտից հետո այդ հատվածում կարող է զգացվել հին Երևանի շունչը, որը այդքան գերել է երևանցիներին, որը Երևան է հրավիրել օտարներին:

Երգիչ Արթուր Իսպիրյանը, ով մշտապես իր բողոքն է արտահայտել Երևանում կատարվող ճարտարապետական աղավաղումների հետ կապված, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ «Հին Երևան» ծրագիրն իրականացնելով  չեն կարող արդարացնել իրենց մեղքերը. «Հնարավոր չէ: Մեր Երևանը ճարտարապետության առումով  վատ ձեռքերում է եղել և կա»:

Նրա խոսքով, նախագիծը մի բան է, իրականացված ծրագիրը մեկ այլ բան:

«Քաղաքում արդեն լավագույն ամեն ինչ իր տեղում չէ: Չգիտեմ՝ ոնց են անելու: Եթե բերելու են քարերը կուտակել մի տեղում ու անունը դնել Հին Երևան, դա ինձ համար նշանակելու է Երևանի գերեզմանատուն: Ինձ համար դա հին Երևան չէ, բիզնես նպատակով կառուցվող առևտրի կենտրոն է: «Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»,- ասաց Ա. Իսպիրյանը:

Նա նշեց, որ Երևանի մասին մտածողները չէին քանդի Արամի 30-ը, Արամի փողոցը չէին վերածի անշուք մի բանի. «Երևանի մասին մտածողը  20 տարի չէր վերցնի մանկական հանրախանութը, եթե որևէ բան չէր անելու, իսկ այն, ինչ կատարվում է դրա հետևում, ագահություն է, անճաշակություն»: 

Արթուր Իսպիրյանն ընդգծեց, որ Երևանում դեռ  բաներ կան, որ կարելի է փրկել. «Ինչքան շենքեր կան, որ կարելի է պահպանել: Ուղղակի անթույլատրելի է, որ թողնում են փլվի»:

Երիտասարդ ճարտարապետ Անահիտ Սամսոնյանի գնահատմամբ, «Հին Երևան» ծրագիրը խեղկատակություն է:

«Հուշարձանները պետք էր տեղում վերականգնել, իսկ քանդելով իրենք էդ հուշարձանների էլ պատմական արժեքն էլ, Հին Երևանն էլ քանդեցին: Դե, իհարկե, մենք բոլորս էլ հասկանում ենք՝ ինչու  և ում հրամանով... Հիմա ինչքան էլ փորձեն ինչ-որ  բան վերականգնել, դա արդեն հին Երևանի պատմությունը լիարժեք չի ներկայացնի ու դեռ հարց է, թե ինչպես կվերականգնեն: Մի ամբողջ քաղաք քանդելով Հին Երևան չեն կառուցում»,- նշեց նա:

ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը: «Հին Երևան» նախագծի հեղինակն ու  ճարտարապետը Լևոն Վարդանյանն է: Ծրագրում ընդգրկված է 30 հուշարձան: 2014-ին ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի, «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ն՝ ի դեմս շվեյցարաբնակ ներդրող Վարտան Սիրմակեսի լիազորված անձ Գևորգ Մաչանյանի, համաձայնագիր է ստորագրվել «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրի վերաբերյալ: Նախնական հաշվարկներով, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 120-150 միլիոն դոլար: Ծրագրի ավարտի վերջնաժամկետն է 5 տարի:

Placeholder
«Հին Երևան» անունն այդ նախագծին արժանի չէ»