Panorama.am-ը՝  սպառողների շահերը լավագույնս լուսաբանած առցանց լրատվամիջոց
Իրավունք
12:11 15/03/2017

Panorama.am-ը՝ սպառողների շահերը լավագույնս լուսաբանած առցանց լրատվամիջոց

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված «Սննդամթերքի անվտանգությունը՝ սպառողի իրավունք»  խորագրով ֆորումի շրջանակում Panorama.am-ի լրագրող Լալա Տեր-Ղազարյանն արժանացավ մրցանակի՝  առցանց մամուլում սննդամթերքի անվտանգության ոլորտում սպառողների շահերը լավագույնս լուսաբանելու համար:

Սննդամթերքի անվտանգության ոլորտում սպառողների իրավունքները լավագույնս պաշտպանած հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն:

«Կարծում եմ սա վկայում է այն մասին, որ մեր քննադատությունները տեղ են հասնելու: Պարտավորեցնող է»,-ասաց ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Մրցանակակիրների ընտրության հարցում մեզ օգնել է «Մեդիամաքս» գործակալությունը, ընտրել ենք «Մաքսմոնիթոր» ծրագրի միջոցով կատարված վերլուծության և գնահատման համակարգի արդյունքների հիման վրա»,-մանրամասնեց մրցանակակիրների անունները հայտարարծ ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:

Գրագետ և պահանջատեր սպառող ճանաչվեց Երևանի բնակիչ Աստղիկ Փաշայանը, ով հաճախ է ահազանգում իրեն հանդիպած թերությունների մասին, հետամուտ լինում, որ ՍԱՊԾ կողմից խնդիրը լուծում ստանա: Նա սպառողներին կոչ արեց լինել պահանջատեր, հետևողական:

Բարեխիղճ արտադրող անվանակարգում մրցանակը տրվեց «Ֆրուտերիա» ՍՊԸ-ի տնօրեն Հրաչյա Մանուկյանին: Ինչպես հայտարարեց ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը, Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչը հիմնել է բացառապես տեղական մրգերից չրերի արտադրություն, ունի արտահաման փորձ ու խոստումնալից հեռանկար:

«Հայոց աշխարհ» թերթի լրագրող Թագուհի Ասլանյանը ևս մրցանակի արժանացավ:

«Մտահոգված եմ թե որպես սպառող, թե որպես լրագրող սպառողների իրավունքների պաշտպանությամբ: Մեծ հույսեր ունեմ, որ ծառայության նոր ղեկավարի շնորհիվ համակարգում դրական փոփոխություններ կլինեն»,-ասաց Ասլանյանը:

Նկատենք, որ միջոցառմանը ներկա էր նաև ՍԱՊԾ նախկին պետ Արմեն Հայրապետյանը:



Placeholder
Panorama.am-ը՝ սպառողների շահերը լավագույնս լուսաբանած առցանց լրատվամիջոց