Ձախողման օպտիմալացում` դպրոցներ
Կրթություն, գիտություն
14:35 03/07/2017
Հայաստան

Ձախողման օպտիմալացում` դպրոցներ

Որակյալ կրթությունը և տնտեսության, և մշակույթի, և ազգապահպանման, և արտագաղթի նվազեցման հիմք է: Արտագաղթի նվազեցման՝ գոնե  մրցունակ կրթություն ստանալու  առումով: Թե դրանից հետո աշխատանքի խնդիրը ինչպես կլուծվի՝ հավանաբար արդեն ԿԳՆ խնդիրը չէ: Կամ՝ միայն ԿԳՆ խնդիրը չէ:

Վերջերս ՀՀ ԿԳՆ-ն անընդհատ հայտարարում է գյուղական դպրոցների «օպտիմալացման» մասին: Սա ենթադրում է, որոշ գյուղերում կփակվեն դպրոցներ, ու մի գյուղի երեխաները գնան դպրոց կողքի գյուղ: Կամ՝ ավելի հեռու: Ամեն օր:  Անձրևի ու ձյան տակ: Արդյո՞ք կրթության նախարարությունը պատրաստվում է տրանսպորտային ու սնվելու հարմարություններ ստեղծել: Կարծես թե ոչ՝ այս մասին ոչ մի խոսք չի եղել:

Ինչ որակյալ կրթության մասին կարող է խոսք գնալ, եթե մարզային դպրոցներում մինչ այս տարրական շենքային պայմաններ չկային…:  Իսկ  հիմա՝  կարծում եմ իրապես օպտիմալացման պայմաններ էլ  չկան:

Հնարավոր է իհարկե, որ քննարկման արդյունքում ոչ թե դպրոցների միացման «լուծմանը» գան, այլ՝ դասավանդման նոր մեթոդների: Բայց եթե նախարարը նշում է, որ «մեկ աշակերտը 10 մլն դրամ է  նստում», ապա դժվար է հավատալ, որ նոր մեթոդների, կամ ասենք հեռակա ուսուցման համար դպրոցների տեխնիկա տրամադրելու  «ավելորդ» գումարներ կան:

Հուսամ չվճարվող կամավոր ուսուցանողների հարց չի քննարկվում, որովհետև այս դեպքում էլ կրթությունը անորակից կդառնա նաև սիրողական:

... Ամեն անգամ որևէ ոլորտում նոր նախարարի նշանակումը նման է սեպտեմբերին նոր առարկայական ուսուցիչ ունենալուն՝ նա մտնում է դասարան ու հայտարարում ծնողներին, որ «երեխաները բան չգիտեն իր առարկայից ու շատ գործ կա անելու»:

Ու ոչ մի ծնող չի ասում՝ ուրեմն դպրոցն ու տնօրինությունն է մեղավոր, որ ճիշտ չի կազմակերպել ուսուցումը:

Հիմա եթե ԿԳ նախարարը հայտարարում է, որ «400 գյուղական դպրոց 100-ից քիչ աշակերտ ունի», ուրեմն տարիներ շարունակ կառավարության կրթական ծրագիրը տապալված, ձախողված է եղել:

Կամ էլ ի սկզբանե բանի պետք չի եղել:

Placeholder
Ձախողման օպտիմալացում` դպրոցներ