ԿԳՆ. Մտադրություն կա  Հայաստանի տարբեր մարզերում ընդլայնել TUMO-ի ցանցը
Կրթություն, գիտություն
13:30 12/07/2017
Հայաստան

ԿԳՆ. Մտադրություն կա Հայաստանի տարբեր մարզերում ընդլայնել TUMO-ի ցանցը

Հայաստանի կրթական համակարգը կառուցվածքի առումով համադրելի է եվրոպական միասնական կրթական տարածքին, և ներկայումս ԵՄ աջակցությունն է ակնկալվում` կրթության որակի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներում: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,  Լևոն Մկրտչյանը նաև նշել է, որ Էրազմուս ծրագիրը բավականին արդյունավետ է կիրառվում ՀՀ բարձրագույն կրթական համակարգում,  և հայաստանյան բուհերն ակտիվ մասնակցում են այդ ծրագրին: Ըստ նախարարի` խնդիր է ուսանողների ներքին շարժունության ապահովման հարցը:

Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ լայնածավալ բարեփոխումներ են նախատեսվում բուհական համակարգում` ֆինանսավորման մեխանիզմների և բուհերի հավատարմագրման գործընթացների հետ կապված: Նախարարը տեղեկացրել է նաև, որ մշակման փուլում է գտնվում Տավուշի մարզի ծրագիրը՝ հաշվի առնելով այդ մարզի կրթական առանձնահատկությունները: Ծրագրի արդյունավետ լինելու պարագայում` այն կկիրառվի նաև ՀՀ այլ մարզերում:

ԵՀ հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթն իր հերթին նշել է, որ կարևորում է ԵՄ-Հայաստան համագործակցությունը, և ՀՀ կառավարության աջակցությամբ մտադրություն կա կրթության և գիտության ոլորտը բարելավելու նպատակով կիրառել TAIEX և TWINNING գործիքները:  Նա ողջունել է նաև e-learning համակարգի փորձնական ծրագրի ներդրումը Հայաստանում և պատրաստակամություն հայտնել  համագործակցել ՀՀ-ում գործող միջազգային այլ կազմակերպությունների հետ` կրթության ոլորտը զարգացնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին. նշվել է, որ մտադրություն կա  Հայաստանի տարբեր մարզերում ընդլայնել TUMO-ի ցանցը և ԵՄ աջակցությամբ հնարավորություն ստեղծել  startup–ների և նոր ծրագրերի իրականացման համար:

 

Placeholder
ԿԳՆ. Մտադրություն կա Հայաստանի տարբեր մարզերում ընդլայնել TUMO-ի ցանցը