Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երեխաներն ու մայրերը տուժում են կրծքով կերակրման ոլորտում ներդրումների պակասից. ՅՈՒՆԻՍԵՖ
Ըստ նոր համաշխարհային վերլուծության, աշխարհում ոչ մի երկիր լիովին չի համապատասխանում կրծքով կերակրման միջազգային չափանիշներին,- ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտնել են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը, որը կրծքով կերակրման խթանմանը միտված նոր համաշխարհային նախաձեռնություն է:
Ըստ «Կրծքով կերակրման համաշխարհային ցուցանիշը» զեկույցի, որտեղ ընդգրկված են 194 երկրներ, վեց ամսականից ցածր երեխաների միայն 40 տոկոսն է կերակրվում բացառապես կրծքով (այսինքն՝ սնվում միմյայն կրծքի կաթով), մինչդեռ միայն 23 երկրում է կրծքով կերակրման ցուցանիշը 60 տոկոսից բարձր:
Փաստերը ցույց են տալիս, որ կրծքով կերակրումը թե՛ նորածնի և թե՛ մոր առողջության և իմացական զարգացման համար օգուտներ ունի: Այն հատկապես կարևոր է կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում, քանի որ օգնում է կանխել լուծն ու թոքաբորբը՝ մանկական մահացության երկու հիմնական պատճառները: Կրծքով կերակրող մայրերի մոտ ձվարանների և կրծքի քաղցկեղի՝ կանանց մահացության երկու առաջատար պատճառների ռիսկը նվազում է:
«Կրծքով կերակրման շնորհիվ երեխաներն ունենում են կյանքի հնարավորինս լավ սկիզբ։ Կրծքի կաթը կարծես թե երեխայի առաջին պատվաստումը լինի, քանի որ այն պաշտպանում է մանուկներին մահացու վարակներից և նրանց տրամադրում սնուցում, որն անհրաժեշտ է գոյատևելու և զարգացման համար»,- աղբյուրի հաղորդմամբ՝ ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն բժ. Տեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը:
Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթվա (օգոստոսի 1-7-ը) սկզբին ցուցանիշի հետ մեկտեղ հրապարակվել է նոր ուսումնասիրություն, ըստ որի՝ յուրաքանչյուր նորածնի օգտին տարեկան անհրաժեշտ է ընդամենը 4.70 ԱՄՆ դոլարի ներդում, որպեսզի մինչև 2025 թվականը վեց ամսականից ցածր երեխաների շրջանում բացառապես կրծքով կերակրման համաշխարհային ցուցանիշը հասնի 50 տոկոսի:
«Սնուցելով ազգերի առողջությունն ու բարեկեցությունը. կրծքով կերակրման օգտին ներդրման փաստարկը» ուսումնասիրությունն առաջարկում է, որ այս թիրախին հասնելու շնորհիվ կփրկվի հինգ տարեկանից ցածր 520,000 երեխայի կյանք և 10 տարվա ընթացքում կստեղծի 300 բիլիոն ԱՄՆ դոլարի տնտեսական շահ, քանի որ կկրճատվի հիվանդությունների թիվը, պահանջվող առողջապահական ծախսերը և կբարձրանա արդյունավետությունը:
Համաշխարհային առումով կրծքով կերակրման օգտին ներդրումը չափազանց ցածր է: Ամեն տարի ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրների կառավարությունները կրծքով կերակրման ծրագրերի վրա ծախսում են մոտ 250 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ դոնոր կազմակերպությունները տրամադրում են լրացուցիչ 85 միլիոն ԱՄՆ դոլար:
Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը կոչ է անում երկրներին.
1. Ավելացնել ֆինանսավորումը հօգուտ ծննդից մինչև երկու տարեկանը կրծքով կերակրման ցուցանիշների աճի:
2. Լիովին իրականացնել «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքի» և Առողջապահության համաշխարհային ասամբլեայի համապատասխան որոշումները՝ իրավական խիստ գործիքների միջոցով, որոնք հարկադիր կկատարվեն: Այդ թվում անկախ կազմակերպությունների կողմից կիրականացվի մշտադիտարկում։
3. Մշակել վճարովի ընտանեկան արձակուրդի և աշխատավայրում կրծքով կերակրման քաղաքականություն, հիմնված Աշխատանքի միջազգային կազմակերպության՝ մայրության պաշտպանության ուղեցույցի վրա, որը նաև ընդգրկում է զբաղվածության ոչ ֆորմալ հատվածը։
4. Ծննդատներում իրականացնել «Կրծքով հաջող կերակրման 10 քայլերը» ծրագիրը, ներառյալ կրծքի կաթի տրամադրումը հիվանդ և խոցելի նորածիններին։
5. Բարելավել կրծքով կերակրման մասնագիտական խորհրդատվության հասանելիությունը առողջապահական հաստատություններում։
6. Ամրացնել առողջապահական հաստատություն – համայնք կապը և խրախուսել համայնքում առկա ցանցերը, որոնք պաշտպանում, խթանում և աջակցում են կրծքով կերակրմանը։
7. Ամրապնդել մշտադիտարկման համակարգերը, որոնք արձանագրում են կրծքով կերակրման ազգային և գլոբալ թիրախներին ուղղված առաջընթացը։