Իսկ ինչ end-user certificate է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև
Քաղաքական
09:20 11/08/2017
Հայաստան

Իսկ ինչ end-user certificate է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև

Օրերս ռուսական «Պրավդան» վերլուծական է գրել Ղարաբաղյան  հարցի մասին՝ Թուրքիային Ռուսաստանի С-400 վաճառելու փաստով:

Վերլուծաբանին թվում է, թե իրոք, ինչպես ինքն է գրել՝ երբ ապրիլին Թուրքիան հասավ Ռուսաստանի հետ համաձայնության С-400  գնման հարցում, ՔՉԵՐԸ կարող էին ենթադրել, որ դրանք կարող են ազդել Հայաստան-Ադրբեջան զինային բալանսի վրա:

 «Պարզվում է» դրա մասին գլխի են ընկել ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի հայտարարությունից հետո, թե՝ «Ռուսաստանի՝ Հայաստանի կողմից Ղարաբաղյան հակամարտությանը միջամտությունը կարող է բերել այն պատասխանին, որ Թուրքիան կմիջամտի Ադրբեջանի կողմից»:  Հենց այդ ժամանակ էլ թուրքական լրատվամիջոցները գրել են Անկարայի ձեռք բերած С-400-ի՝ Հայաստանի սահմանին տեղադրելու մտադրության մասին:

Որ Ադրբեջանը «վախեցնում» է իր մեծ եղբորով՝ Թուրքիայով՝ դա ընդհանրապես թողնենք մի կողմ:

Թե ինչու էին Ռուսաստանում այդքան տհաս, որ Թուրքիային զենք են վաճառում մի տարածաշրջանում, որտեղ իրենց խաղաղության միջնորդ են համարում՝ թողնենք մի կողմ: Թե ինչու են Ռուսաստանում «զարմանում», երբ С-400 –երը Թուրքիան ուզում է տեղադրել Հայաստանի սահմանին՝ թողնենք մի կողմ:

Որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում ու լկտիաբար հայտարարում, որ  «դա ընդամենը բիզնես է»… հիմա դա էլ թողնենք:

Թողնենք միայն փաստը՝ Ռուսաստանը Թուրքիային զենք է վաճառում:  

Նոր հարցեր են ծագում՝ արդյոք էլի է պատրաստվում Ռուսաստանը զենք վաճառել Թուրքիային, ինչպիսի զենք, ու արդյոք Թուրքիան կարող է դրանք վերավաճառել Ադրբեջանին:  Արդյո՞ք Հայաստանի դիվանագիտությունը  ուշադիր է այս հարցին:

Վերավաճառման հնարավորության մասին պատասխան ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ ՊՆ և ՀՀ ԱԳՆ:

ԱԳՆ-ից ստացանք մանրամասն պատասխան. « Ի պատասխան ՌԴ-ից գնված զենքն Ադրբեջանին վերավաճառելը Թուրքիային արգելող միջազգային կամ ռուսաստանյան իրավական նորմերի առկայության վերաբերյալ Ձեր հարցմանը՝ հայտնում ենք հետևյալը.

Առանձին պետությունների միջև սպառազինությունների մատակարարմանը (վաճառքին և/կամ վերավաճառքին) առնչվող հարցերը կարգավորվում են երկկողմ պայմանավորվածությունների միջոցով, որոնցում պետությունները պարտավոր են առաջնորդվել իրենց համար պարտադիր իրավաբանական ուժ ունեցող միջազգային բազմակողմ փաստաթղթերով: Սպառազինությունների որևէ ուղղակի կամ անուղղակի փոխանցման (վաճառքի և/կամ վերավաճառքի) արգելք պարունակող նման միջազգային փաստաթղթեր են «Հակահետևակային ականների արգելման մասին» Օտտավայի կոնվենցիան, «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիան, «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիան: Թուրքիան հանդիսանում է նշված փաստաթղթերի մասնակից պետություն:

Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիան անդամակցում են նաև Սովորական սպառազինությունների և երկակի նշանակության տեխնոլոգիաների արտահանման նկատմամբ վերահսկողության մասին Վասենաարի համաձայնությանը, որով սահմանվում են սպառազինությունների արտահանման, սպառազինությունների վերջնական օգտագործողի և/կամ վերջնական օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացման սկզբունքները: Հիմք ընդունելով այդ սկզբունքները՝ մասնակից պետությունները միմյանց միջև երկկողմ պայմանավորվածություններում սպառազինությունների վերջնական օգտագործողի և/կամ վերջնական օգտագործման նկատմամբ վերահսկողությանը և սպառազինությունների վերաարտահանմանը վերաբերող դրույթները և դրանց գործնական իրացման հարցերը կարգավորում են իրենց ազգային օրենսդրությամբ:

Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն՝ ռազմական նշանակության արտադրանք արտահանելու համար ներկայացվող պարտադիր փաստաթղթերի ցանկում է վերջնական օգտագործողի հավաստագիրը («end-user certificate»): Այն իրենից ներկայացնում է սահմանված կարգով վավերացված փաստաթուղթ, որը պարունակում է օտարերկրյա պետության լիազոր մարմնի պարտավորությունը՝ օգտագործել ՌԴ-ից արտահանվող ռազմական նշանակության արտադրանքը միայն հայտարարված նպատակներով և թույլ չտալ դրա վերաարտահանումը կամ փոխանցումը երրորդ երկրներին, առանց Ռուսաստանի Դաշնության համաձայնության»:

Այսպիսով մնում է հասկանալ կամ իմանալ՝  իսկ ինչ end-user certificate է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև:

Անահիտ Ոսկանյան

Placeholder