Անսարք ավտոբուսով ուղևորներ  տեղափոխած վարորդին չեն կախելու
Հասարակություն
14:00 16/08/2017
Հայաստան

Անսարք ավտոբուսով ուղևորներ տեղափոխած վարորդին չեն կախելու

Երևանում թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկը երեկ երեկոյան տեխնիկական անսարք վիճակում էր սպասարկում ուղևորներին: Ղեկի կողմից ավտոբուսը զգալիորեն ներքև իջած էր, մի փոքր փոս ընկնելիս կամ արհեստական ճանապարհային անհարթության (պառկած ոստիկան) վրայով անցնելիս ավտոբուսի մեջ դղրդյուն էր առաջանում:

Ուղևորները քթի տակ դժգոհում էին, երբեմն վախեցած բացականչություններ անում, բայց վարորդին հստակ ուղղված դժգոհություն, բողոք չեղավ: Ընթացքում մի քանիսը վախից իրենց կանգառից ավելի շուտ իջան: Չնայած անսարքությանը, ավտոբուսի վարորդը բավականին արագ էր վարում:

Երթուղին սպասարկում է «Հայկ և Տաթևիկ» ընկերությունը: Շահագործման բաժնի պետ  Մանվել Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում ընդունեց, որ ավտոբուսը խնդիր է ունեցել:

«Մեքենայի փուչիկներն են իջած եղել, դրանք նախատեսված են մեքենայի բալանսավորման համար: Երեկ դեֆեկտը վերացրել ենք, այսօր առավոտյան էլի նույն խնդիրն առաջացել է»,-ասաց նա:

Ընկերության ներկայացուցչի խոսքով, իրենք երեկ վարորդին հանձնարարել են ուղևորներին իջեցնել ու ավտոբուսը վերանորոգման տանել:

«Ինքն իրավունք չուներ ժողովրդին այդպես սպասարկել, ինքը պետք է իջացներ ուղևորներին ու քշեր, գար գարաժ՝ մեքենան վերանորոգելու համար:  Հիմա թե ճանապարհին ինքն ինչ է արել, մենք եթե ցանկանանք էլ, չենք կարող վերահսկել՝ ժողովրդո՞վ է եկել, թե՞ դատարկ: Հիմա եթե ուղևորներ է բերել, մենք դրա համար չենք կախելու նրան»,-ասաց նա:

Ստացվում է, որ վարորդն ինքնագործունեություն է ծավալել, հանուն իր գրպանի մարդկանց վտանգի ենթարկել:

Մ. Հարությունյանի խոսքով, իրենք վարորդներին նեղացնել չեն ցանկանում:

«Մեր իրավիճակն էնքան ծանր է: Պրոբլեմ է վարորդների հետ գործ ունենալը: Չեմ կարա նկարագրեմ: Հայաստանի Հանրապետությունում  վարորդ գոյություն չունի էսօրվա դրությամբ: Ուրիշ լավը չունենք, որ փոխարինենք լավով»,-ասաց Հարությունյանը, ավելացնելով, որ վատ վիճակում են նաև ավտոբուսները:

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն էլ այս իրավիճակում մեղավորներ չի տեսնում:

«Իրենք չեն կարող այդպես շահագործել, քանի որ անվադողերը շարքից դուրս կգան, կպայթեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի պաշտոնյան:

Նավասարդյանը նշեց, որ այդ վիճակով չի կարելի ուղևորներ տեղափոխել:

«Վարորդը կամ պետք է ուղևորներով հասներ վերջին կանգառ, կամ էլ ուղևորներին իջացներ, դատարկ գնար: Եթե ժողովրդին իջացներ, մեծ դժգոհության առիթ էր լինելու, նրանք մեծ աղմուկ էին բարձրացնելու, ասելու էին՝ մեզ բերեց,  ճանապարհի կեսին իջացրեց»,-վարորդի գործողությունն այսպես է արդարացնում Նավասարդյանը:

Երթևեկության ընթացքում նման խնդիրներ ի հայտ գալու դեպքում, ըստ նրա, իրավական կարգավորումներ՝ որոշումներով կամ պայմանագրով նախատեսված չեն: Վարորդն է որոշում՝ ինչպես վարվել: Հետևաբար՝ զարմանալ պետք չէ: 

Placeholder
Անսարք ավտոբուսով ուղևորներ տեղափոխած վարորդին չեն կախելու