ԱՄՆ դեսպանի խնդրանքով հայաստանցի ուսանողին տարկետում տրվեց
Կրթություն, գիտություն
17:13 17/08/2017
Հայաստան

ԱՄՆ դեսպանի խնդրանքով հայաստանցի ուսանողին տարկետում տրվեց

Կառավարության այսօրվա նիստում 1995 թ. ծնված Ց. Ղուկասյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվեց  մինչև  ուսումնառության ավարտը`  2019  թվականի ձմեռային  զորակոչ: Որոշման նախագծում նշվում է, որ վանաձորցի երիտասարդն ընդունվել է «Նյու Յորք համալսարանի» մագիստրատուրա՝ «Համակարգչային գիտություններ» մասնագիտությամբ: 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն է դիմել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ ՀՀ քաղաքացի Ցոլակ Ղուկասի Ղուկասյանին  պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու  խնդրանքով:

Ց. Ղուկասյանը ներկայացրել է նոտարական կարգով հաստատված հայտարարություն, որի համաձայն պարտավորվել է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և 2 տարի աշխատել  իր մասնագիտությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարա-րության միջնորդությամբ՝  նրա կողմից առաջարկվող վայրում:

Նա մինչ այս ավարտել է Մոսկվայի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի բակալավրիատը և 2017թ. «Ֆուլբրայթ-Հովնանյան» ծրագրի շրջանակներում արժանացել է Նյու Յորք համալսարանի Համակարգչային գիտություններ մասնագիտությամբ մագիստրոսական կրթաթոշակին: Ուսումնառության ավարտը նախատեսվում է 2019 թվականի աշնանը:

Ֆուլբրայթ-Հովնանյան ուսանողական ծրագիրը հովանավորում է Հայաստանի քաղաքացիների մագիստրոսական կրթությունը ԱՄՆ համալսարաններում:  Ֆուլբրայթ-Հովնանյան ուսանողական ծրագիրը նորաստեղծ ծրագիր է և ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության ու Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի կողմից:  Ծրագրի համակարգողը ԱՄՆ դեսպանատան Հասարակայնության հետ կապերի բաժինն է:

Placeholder
ԱՄՆ դեսպանի խնդրանքով հայաստանցի ուսանողին տարկետում տրվեց