Վարք նախարարությունների – 1
Քաղաքական
13:10 04/09/2017
Հայաստան

Վարք նախարարությունների – 1

Բնապահպանության նախարարություն:

Խոսրովի հրդեհների ժամանակ նամակ ուղղեցինք բնապահպանության նախարարություն:  Պատասխանը շատ չուշացավ՝ «ստորագրեք, նոր ուղարկեք»:  Ու դրանից ընդամենը օր հետո բնապահպանության նախարարը պատասխանում է ֆեյսբուքի օգտատերերի հարցերին ու բնականաբար՝ «առանց  ստորագրությունների»:

Կարելի է իհարկե լրատվամիջոցի էլհասցեից  նորից ուղարկել հարցումը՝ ստորագրությամբ, կամ  ֆեյսբուքով՝ առանց  ստորագրության, բայց  պիտանի հարց է ծագում՝ իսկ իմա՞ստը:

Ուստի հրապարակում ենք հարցերը՝ դատախազության ու կառավարության ուշադրությունը հրավիրելով բարձրացված հարցերին:  Դատավորը՝ մեր ընթերցողը:

«Խոսրովի անտառ» արգելոցում մեծամասշտաբ հրդեհի հետ կապված.
1. ԱԻՆ Հիդրոմետի հաղորդումներից, որ հանրապետությունում շոգը հրդեհի վտանգ է ներկայացնում, ինչ լրացուցիչ միջոցառումներ են կազմակերպվել արգելոցում:

2. Ընդհանրապես՝ ինչ հակահրդեհային միջոցառումներ են կազմակերպվում:

3.  ՌԴ  օրենքից տեղեկանում ենք, որ  արգելոցների հակահրդեհային պայմաններն ու միջոցառումները  ամրագրված են օրենսդրությամբ. Մատնացույց արեք խնդրեմ ՀՀ  նման օրենքը, եթե այն կա:

4.  Բաց  ինտերնետ տեղեկագրերում  կա 2005 թվականին Կառավարության կողմից դրամական միջոցների ներդրման մասին փաստաթուղթ՝ հակահրդեհային ճանապարհաշինության համար (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=13685): Կա՞ն արդյոք այդ ճանապարհները, եթե ոչ՝ ինչու:

5. Ինչ լրացուցիչ միջոցներ են հատկացված եղել արգելոցին հակահրդեհային  միջոցառումների համար: Եթե չեն հատկացվել՝ արդյոք արգելոցը ներկայացրե՞լ է այդ անհրաժեշտ միջոցառումների ցանկը՝ դրամական աջակցություն ստանալու նպատակով:

6. Արգելոցի վերականգնման ինչ արտակարգ վիճակ է հայտարարվելու, ինչ ծրագրեր են մշակվելու, ովքեր են դրանով զբաղվելու:

Այսպիսով՝ նախարարությունների՝  լրատվամիջոցի հետ  «աշխատանքի» մասին պատրաստվում եմ շարք  կազմել:   Ինչն է ակնհայտ՝ ցանկացած հաջորդ նախարար չի ընդունում իր պաշտոնը որպես կառույցի իրավահաջորդ  ղեկավարի, չի ստանձնում պատասխանատվություն:  Այլապես բնապահպանության նախարարությունը փոխանակ ստորագրություն ուզեր (ինչը միշտ բացակա է նախարարությունների հաղորդագրություններում, որ ուղարկում են հրապարակման), կուսումնասիրեր հարցը, մանավանդ՝  հակահրդեհային ճանապարհների ու դրան հատկացված գումարի:

Ի դեպ՝  արգելոցի վերականգնման մասով երբ ասում են՝  արգելոցը չի կարելի արհեստականորեն վերականգնել, պարզագույն հարց է ծագում՝ հրդեհել կարելի է, վերականգնել չի՞ կարելի: 

Ով է ասում պալմաներ, տույաներ ու կակաչներ տնկեք. Ուսումնասիրեք  հրդեհվածի շրջակա  ֆլորան, օգնեք բնությանը բազմանալու:  Ի վերջո՝  Խոսրով արքան ընդհանրապես Խոսրովակերտ անտառը արհեստական էր  հիմնադրել, «լցրել  կենդանիներով ու թռչուններով»: Ու դա՝ հեռավոր ու «բարբարոս» չորրորդ դարում:

Անահիտ Ոսկանյան

Placeholder