Սահմանամեձ Բերքաբերը մեկ առաջին դասարանցի ունի
Կրթություն, գիտություն
17:36 08/09/2017
Հայաստան

Սահմանամեձ Բերքաբերը մեկ առաջին դասարանցի ունի

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան և Աճարկուտ գյուղերն արդեն երկրորդ տարին է առաջին դասարանցիներ չեն ունենում։

Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ընդամենը 19 աշակերտ ունի։ Panorama.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյան ասաց. «Շատ տխուր փաստ է՝ արդեն երկրորդ տարին է դպրոցում առաջին դասարան չենք ունենում։ Մյուս տարի կունենանք մեկ առաջին դասարանցի, բայց դե ամեն տարի նվազում է գյուղում աշակերտների թիվը։ Չունենք նաև 5-րդ դասարան, 4-րդ, 8-րդ ու 10-րդ դասարանում էլ մեկական աշակերտ է սովորում»։

Սահմանամերձ Բերքաբերն էլ ուսումնական տարին սկսել է միակ առաջին դասարանցիով։
«Այս տարի դպրոցում ունենք 47  աշակերտ։ Առաջին դասարան հաճախող մեր տղայի համար դասապրոցեսն ընթանալու է երկկոմպլեկտ՝ երկրորդ դասարանի հետ միասին, որտեղ սովորում է 8 աշակերտ»,- մեզ հետ զրույցում ասաց Բերքաբերի միջնակարհ դպրոցի տնօրեն Գայանե Խուդավերդյանը։

Նա ուրախությամբ նշեց, որ մյուս տարի իրենց դպրոցը կունենա 13 առաջին դասարանցի, միևնույն ժամանակ մտահոգություն հայտնեց՝ «եթե իհարկե չլքեն գյուղը»։

Պատկերն ավելի հուսադրող է Պառավաքար գյուղում, որն այս տարի 21 առաջին դասարանցի է ունեցել։

«Առաջին դասարանում այս տարի 13 տղա ու 8 աղջիկ ունենք։ Գնալով աշակերտների թիվն ավելանում է։ Դպրոցում 221 աշակերտ ունենք, որի գրեթե կեսը կազմում են տարրական դասարանների աշակերտները»,- նշեց Պառավաքարի դպրոցի տնօերն Ալինա Խուդավերդյանը։

Սահմանամեձ Բաղանիսի դպրոցում ևս դասարանցիների թվի ավելացում կա։

«Առաջին դասարանում ունենք 7 աշակերտ ունենք, նախորդ տարի 2-ն էին։ Դպրուցում ընդհանուր 50 աշակերտ ունենք»,- փոխանցեց դպրոցի տնօրեն Արևիկ Արզումանյանը։

Նշենք նաև, որ Ներքին Կարմրաղբյուրն այս տարի 7 առաջին դասարանցի ունի, նախորդ տարի 3-ն են եղել, իսկ Այգեպարն  8 առաջին դասարանցի, նախորդ տարի 2-ն են եղել։

Լուսանկարը՝ դպրոցի ֆեյսբուքյան էջից։

Placeholder
Սահմանամեձ Բերքաբերը մեկ առաջին դասարանցի ունի