Մեգերյանների գերդաստանն ավելի քան չորս սերունդ զբաղվել է հին գորգերի վերականգնումով.  100-ամյա պատմություն
Հասարակություն
16:16 12/09/2017
Հայաստան

Մեգերյանների գերդաստանն ավելի քան չորս սերունդ զբաղվել է հին գորգերի վերականգնումով. 100-ամյա պատմություն

Հայկական գորգագործական արվեստն աշխարհի տարբեր երկրներում ներկայացնող «Մեգերյան կարպետ» ընկերությունը նշելու է իր հիմնադրման 100-ամյակը։ Միջոցառմանը, որ տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, կմասնակցեն հյուրեր ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից:

«Մեգերյան Կարպետ» ընկերությունը հիմնադրվել է 1917թ.  Նյու Յորքում: Այն ի սկզբանե զբաղվում էր նոր և անտիկ ձեռագործ գորգերի վերանորոգման և մշակման աշխատանքներով, ինչպես նաև ձեռագործ գորգերի առք ու վաճառքով: Մեգերյանների գերդաստանն ավելի քան չորս սերունդ զբաղվել է հին գորգերի վերականգնումով և նոր գորգերի արտադրությամբ: 2000 թ-ին Մեգերյանների ջանքերով Հայաստանում թարմացվել և վերազինվել է նախկին «Հայգորգ» ընկերությանը պատկանող գործարանը, ընկերության կողմից ինչպես տարբեր շրջաններում, այնպես էլ Արցախում վերաբացվել են նախկին 20 արտադրական մասնաճյուղերը: Այդպիսով, նոր թափ հաղորդվեց հայկական ձեռագործ գորգերի արտադրությանը և զարգացմանը Հայաստանի  տարածքում:

Մեգերյանները ընդարձակել են գորգերի արտադրությունը Հայաստանում' օգտագործելով դիզայնի և ոճավորման այնպիսի տեսակներ, ինչպիսիք են Վասպուրականի, Ղարաբաղի, Լոտուսի, Լոռիի և ժամանակակից այլ ոճավորումներ և լուծումներ:

«Մեգերյան կարպետ» ընկերության արտադրության և կոմերցիոն գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը նշում է, որ Մեգերյանների շնորհիվ նոր շունչ հաղորդվեց ավանդական հայկական ձեռագործ գորգերին: Նրանք Հայաստանում հաջողությամբ ներդրել են բրդյա թելերի ներկման բնական մեթոդները. բնական գույներ, որոնք ստացվում են հայկական լեռնաշխարհի ծաղիկներից, արմատներից ու բույսերից այնպես, ինչպես դա արվում էր հազարամյակներ առաջ:

Արտադրված գորգերն, ըստ նրա,  ամբողջությամբ պահպանում են հայկական գորգերի ավանդական ոճն ու դիզայնը:  «Վստահ եմ, որ Մեգերյանի ժառանգները  կշարունակեն  իրենց նախնիների գործը և մեր մշակույթը կտարածեն աշխարհով մեկ»,- ասում է Լեոնիդ Անդրեասյանը:

Ընկերության սեփականատեր Րաֆֆի Մեգերյանը խոստովանում է, որ  հայրենիքում ձեռնարկատիրական գործունեություն են հիմնել հոր խորհրդով:

«Ամբողջ աշխարհում ֆաբրիկաններ ունեինք, մի օր հայրս ասաց, թե ինչ եմ անում Հայաստանի համար, ասացի՝ պապ, նվիրատվություններ ենք անում, բայց հայրս դրանից գոհ չէր: Ասաց՝  դրանք նվիրատվություններ են,  մինչդեռ բոլոր երկրներում աշխատատեղ եք բացում, իսկ մեր երկրում՝ ոչ: Կգնաս մեր ժողովրդին գործ կտաս, էդ նվիրատվությունները պետք  չեն, հայերն աշխատասեր են, նրանց աշխատանք է պետք: Ու հորս խորհրդով եկանք Հայաստան ու սկսեցինք արտադրել»:

Րաֆֆի Մեգերյանն այսօր հպարտ է, որ մեր երկրում գործունեություն է ծավալում, նաև իր գորգերի միջոցով են մարդիկ Հայաստանը ճանաչում. «Ով եկել է մեր գործարան, զարմանում է, թե ինչ  մշակույթ ունենք»:

Նշենք, որ ընկերությունը Երևանում ունի ընդարձակ ցուցասրահ, որտեղ կազմակերպվում են անվճար տուր-շրջագայություններ ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար:


«Մեգերյան կարպետ»-ի սեփականատերն ասում է, որ հայկական ձեռագործ գորգն առանձնանում է ինչպես տեսակով, այնպես էլ որակով: Հայկական բոլոր գորգերն աչքի են ընկնում իրենց բովանդակային հարուստ բազմազանությամբ, գորգի ամենահայտնի նախշերից է վիշապը: 

Մեգերյանի խոսքերով՝ տարբեր ժողովուրդներ գողացել են հայկական գորգերը, իսկ երբեմն` յուրացրել գորգ գործելու արվեստը: «Թուրքերը, ազերիները հայկական զարդանախշերը գողացել են և այսօր ներկայացնում են որպես թուրքական, ադրբեջանական գորգեր: Ինչքան էլ բացատրում ես չեն հասկանում, որ եթե մի ազգ մշակույթ չունի, ապա ինչպես կարող են հազարամյակների գորգագործությունից խոսել: Մի առիթով ես հասկացա, որ նրանց բացատրելն անհնար է, ասացի, որ իմ փոխարեն պետք է գորգերը խոսեն: Երբ մեր հայկական գորգերը ցույց տվեցինք, նրանք անմիջապես լռեցին: Այո, գորգի պատմությունը շատ խորն է»:

«Մեգերյան  կարպետ» գործարանում արդեն 3 տարի բացվել է թանգարան, որտեղ ցուցադրվող ամենահին գորգը թվագրված է 17 դարի:  Թանգարան-ցուցասրահում ներկայացված են  անտիկ, հարյուր և ավելի տարեկան հայկական գորգեր: Նշենք, որ հին գորգերի ամենամեծ քանակը Մեգերյանները պահում են Նյու Յորքում:

Խոսելով արտադրական ծավալներից՝ Լեոնիդ Անդրեասյանն ասաց, որ մինչ ճգնաժամը՝  2009 թվականը,  տարեկան արտադրել են 15-20 հազար քառակուսի մետր կարպետ,  սակայն ճգնաժամից հետո ծավալները նվազել են: «Այդ ճգնաժամն ամբողջ աշխարհի գորգագործությանը հարվածեց: Մենք ստիպված ժամանակավորապես արտադրական ծավալները նվազեցրինք, այսօր աստիճանաբար ավելացնում ենք: Երկու ամիս առաջ վերագործարկել ենք Վայքի գորգագործական ֆաբրիկան, այս տարի նախատեսում ենք ևս մեկ ֆաբրիկա գործարկել»,- նշեց նա՝  հավելելով, որ  2016թ-ին արտադրել են 1800-1900  քառակուսի մետր կարպետ, 2017թ-ին  արտադրության ծավալները կանցնեն 2000 քմ-ից: Նշենք, որ Մեգերյան Կարպետ գորգերի 80%-ն արտահանվում է ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան:

Լեոնիդ Անդրեասյանի  խոսքերով՝ մինչև ճգնաժամը «Մեգերյան կարպետ»-ի ֆաբրիկաններում աշխատում էր 1500 գորգագործ, ցավոք սրտի, այսօր գործող երեք ֆաբրիկաններում աշխատում է 150 մարդ:

Ընկերության արտադրության և կոմերցիոն գծով տնօրենն ասում է, որ «Մեգերյան կարպետ»-ում սկսել են գորգագործություն սովորել նաև դպրոցականներն ու երիտասարդները.  «Վերջին շրջանում նկատում եմ, որ գորգագործության հանդեպ սեր կա, հատկապես երիտասարդները հետաքրքրված են այդ արվեստով: Նրանք գիտեն՝ գորգն ինչի համար է: Առաջ մեր տատերը գորգը կախում էին պատին, որ չմաշվի, բայց հակառակը պետք է լինի. որքան գորգն օգտագործում ես, այն ավելի է փայլում : Զարմանալի է, բայց գորգերը սկսել են գնել երիտասարդ զույգերը, որոնք նախապատվությունը տալիս են ոչ թե մեքենայագործ, այլ ձեռագործ գորգերին, որոնք էկոլոգիապես մաքուր են»: 

Մեգերյան գորգերն այսօր զարդարում են Անգլիայի թագուհու պալատը, Հայաստանի Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Բուլղարիայի, Շվեդիայի և այլ պետությունների նախագահական նստավայրերը:  

Րաֆիի Մեգերյանը նշեց, որ ամիսներ առաջ Սուրբ Ղազար կղզու եկեղեցուն են նվիրել իրենց գորգը, որը տեղադրվել է խորանում: 


 

Placeholder
Մեգերյանների գերդաստանն ավելի քան չորս սերունդ զբաղվել է հին գորգերի վերականգնումով. 100-ամյա պատմություն