Այվազովսկին հայ էր, դա կրում էր իր մեջ. Դմիտրի Լոսև
Մշակույթ
12:23 15/09/2017
Հայաստան

Այվազովսկին հայ էր, դա կրում էր իր մեջ. Դմիտրի Լոսև

Հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին պատկանում է համաշխարհային մշակույթին: Լրագրողների հետ զրույցում ասաց Թեոդոսիայի «Կոկտեբել» հրատարակչատան տնօրեն Դմիտրի Լոսևը, ով Երևանում է՝ մասնակցելու Հայաստանի Ազգային պատկերասրահում Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Ծովանկարչության սահմանները» միջազգային գիտաժողովին:

«Այվազովսկին հայ է, ամբողջ կյանքում օգնել է հայերին, հայկական համայնքներին: Որ երկիր գնացել է, նրան դիմավորել է հայկական համայնքը: Թուրքիայում հանդիպել է ղեկավարության հետ, պահանջել, որ այդ երկրում բնակվող հայերը հավասար իրավունքներ ունենան: Թեոդոսիայում օգնել է հայկական եկեղեցուն: Նա հայ էր, դա կրում էր իր մեջ, բայց միաժամանակ ավարտել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան, այդ պատճառով իրավունք ունենք համարել նաև ռուս նկարիչ, բայց մշտապես ասում ենք, որ, իհարկե, նա հայ է»,- ասաց Դմիտրի Լոսևը:

Նաև հայտնեց, որ «Կոկտեբել» հրատարակչատունը ռուսերեն է թարգմանել արվեստաբան Մինաս Սարգսյանի «Մեծ ծովանկարչի կյանքը» գիրքը՝ առաջին անգամ այդ տեքստը նվիրելով նաև ռուս ընթերցողին:

Նշենք, որ երկօրյա  գիտաժողովին ընդհանուր առմամբ ելույթ է ունենալու 21 բանախոս՝ ոչ միայն հայ մասնագետներ, նաև արվեստաբաններ, փորձագետներ, հավաքածուատերեր, հրատարակիչներ Թեոդոսիայի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի խոշորագույն թանգարաններից ու մշակութային հաստատություններից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից:
 

Placeholder
Այվազովսկին հայ էր, դա կրում էր իր մեջ. Դմիտրի Լոսև