Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ցուցահանդես Երևանում՝ բրիտանական կրթություն ստանալու հնարավորությունների վերաբերյալ
«Անգլերեն լեզվի դասավանդման որակի բարելավման նպատակով տարբեր ծրագրեր են կյանքի կոչվել, կան նաև բազմաթիվ նոր նախաձեռնություններ, որոնք արդեն ընթացքի մեջ են»,- Երևանում Բրիտանական դեսպանատան և Բրիտանական խորհուրդի կողմից կազմակերպված Best of British Education կրթական ցուցահանդեսին բացման խոսքում ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը և Բրիտանակական խորհուրդին՝ կրթական նախաձեռնություններին աջակցելու համար, նշել, որ Բրիտանական խորհուրդը ԿԳ նախարարության հիմնական միջազգային գործընկերներից է:
«Ցուցահանդեսը Բրիտանական խորհրդի կրթության ոլորտում ծավալած գործունեության ամփոփումն է: Այն նաև վկայությունն է տարիներ շարունակ կատարված մեծ աշխատանքի, որն իրականացվել է Բրիտանական խորհրդի կողմից, մասնավորապես անգլերեն լեզվի և մշակույթի տարածման ուղղությամբ: Այդ աշխատանքների ծավալը մեծ է՝ սկսած հրատարակչական գործից մինչև Շեֆիլդի համալսարանի գործունեություն»,- նշել է Լ. Մկրտչյանը:
Best of British Education կրթական ցուցահանդեսին ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Դեսպանն ընդգծել է, որ ցուցահանդեսը կազմակերպվել է հայ-բրիտանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված նախաձեռնությունների շրջանակում:
«Կրթությունն ու մշակույթը դիվանագիտական հարաբերությունների կարևոր բաղադրիչ են՝ հաշվի առնելով, որ դրանց հիմքում ընկած են մարդկային փոխհարաբերությունները»,- իր խոսքում նշել է դեսպանը:
Կազմակերպիչների հավաստմամբ, Best of British Education կրթական ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է ինչպես տարբեր ոլորտների մասնագետների, այնպես էլ ուսանողների և դպրոցականների համար՝ ծանոթանալու Միացյալ Թագավորությունում, Հայաստանում և այլուր բրիտանական որակյալ կրթություն ձեռք բերելու հնարավորություններին, մասնագիտական զարգացման և վերապատրաստման ծրագրերին ու անգլերենի ուսուցման և թեստավորման ծրագրերին:
Ցուցահանդեսի մասնակիցները կարող են մանրամասն տեղեկություններ ձեռք բերելու այնպիսի կրթական ծրագրերի մասին, ինչպիսիք են.
•Chevening կրթաթոշակային ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում անվճար մագիստրոսական կրթություն ստանալ բրիտանական լավագույն համալսարաններում;
•John Smith Fellowship ծրագիրը, որի միջոցով հնարավոր է անվճար մասնագիտական վերապատրաստում ստանալ բրիտանական պետական և մասնավոր կառույցներում;
•Բրիտանական խորհրդի անգլերենի ուսուցման և դասավանդման ծրագրերը;
•Անգլերենի իմացության IELTS, APTIS թեստերը;
•CMI, CIMA և ACCA մասնագիտական որակավորումները;
•Շեֆիլդի համալսարանի Սիթի Քոլեջ միջազգային ֆակուլտետի առաջարկած ծրագիրը;
•Դիլիջանի միջազգային դպրոցը;
•Քեմբրիջի միջազգային դպրոցը;
•Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցը:
Ներկայացվել են նաև բրիտանական Longman/Pearson, Oxford University Press, Cambridge University Press, Dorling Kindersley և այլ հանրահռչակ հրատարակչությունների գրքերը, կազմակերպվել են դրանց շնորհանդեսները:
Ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև շահելու հետաքրքիր մրցանակներ՝ մասնակցելով Treasure Hunt մրցույթին: