ԿԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ոլորտի խնդիրներով մտահոգ բոլոր գործընկերներին
Կրթություն, գիտություն
15:16 16/11/2017
Հայաստան

ԿԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ոլորտի խնդիրներով մտահոգ բոլոր գործընկերներին

«Գիտելիքահենք և կրթական ավելի օպտիմալ համակարգ ունենալու համար պետք է կարողանանք հիմքում դնել ծրագրային բյուջետավորումը»,- խորհրդարանում 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը երկար ճանապարհ անցնելուց հետո առաջիկա 1-2 տարիների ընթացքում փորձ է անելու բյուջեի տրամաբանությունը դնել ծրագրային հենքի վրա:

«Երբ ես նշանակվեցի կրթության և գիտության նախարար, իմ հիմնական խնդիրն էր հասկանալ, թե ինչպես ենք մենք եղած միջոցները փոխանցելու ավելի օգտակար գործողության  տիրույթ և փորձել կրթության բյուջեն դիտարկել իբրև ծրագրային բյուջե։ Պետք է արձանագրենք, որ կրթության և գիտության ոլորտն այն է, որն ուղիղ նպաստում է ՀՀ ուվերենության և անկախության ամրապնդմանը, քանի որ ամբողջությամբ բաց հարթակ է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ոլորտի խնդիրներով մտահոգ բոլոր գործընկերներին՝ սկսած պատասխանատվություն կրող իշխանության ներկայացուցիչներից, մինչև ընդդիմություն: Կրթական համակարգի նկատմամբ հատկապես վերջին տարիներին հնչած քննադատությունները, առաջարկները մտահոգ մարդկանց խոսքեր են եղել»,- ասաց Մկրտչյանը:

Նա նշեց, որ 2018 թվակնը դիտարկում են որպես լուրջ հիմք՝ ապագա ծրագրերի համար:

«Առաջիկայում խորհրդարանի քննարկմանը կներկայացվի «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքը, որը ենթադրում է արմատական փոփոխություններ բարձրագույն կրթության ոլորտում: Այս հարցում ունենք նաև միջազգային գործընկերների աջակցությունը, ինչը հնարավորություն կտա առաջիկա տարիներին լուրջ բարեփոխումներ իրականացնել բարձրագույն կրթության ոլորտում: Պառլամենը նաև այն վայրն է, որտեղ պետք է խոսել այն մասին, թե հանդուրժելո՞ւ ենք, որ մոտ 87 հազար ուսանող ունեցող Հայաստանում գործի 67 բուհ: Եթե մենք չենք հանդուրժելու, ուրեմն պետք է կարողանանք միասին ձևավորել գործունակ մեխանիզմ»,- շեշտեց նախարարը

Placeholder
ԿԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ոլորտի խնդիրներով մտահոգ բոլոր գործընկերներին