Դեսպան. Քայլեր են արվում ՀՀ դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցմանն աջակցելու համար
Կրթություն, գիտություն
11:48 16/11/2017
Հայաստան

Դեսպան. Քայլեր են արվում ՀՀ դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցմանն աջակցելու համար

Ֆրանսիայի նման բարեկամ երկրի հետ համագործակցության ամրապնդումն ու զարգացումը Հայաստանի համար կարևոր է ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Ֆրանկաֆոն երկրների և Եվրոպայի Միության շրջանակներում: Այս մասին հայտնել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանում  Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ հանդիպմանը:

ԿԳՆ մամուլի վարչության հաղորդմամբ, Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ երկու երկրների կրթության ոլորտում համագործակցության լուրջ հաջողություններ են գրանցված, նրա խոսքով, Ֆրանսիայի դեսպանատունը մեր կրթական համակարգը մշտապես պահել է ուշադրության կենտրոնում՝ ոլորտի նկատմամբ ցուցաբերելով լուրջ և գործուն աջակցություն:

Անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությանը, հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման  ուղղությամբ ձեռնարկված քայլերին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է. «Կրթական ծրագրերի նման հագեցվածությունը կարող են միայն հոգեհարազատ ազգերն ու պետություններն արձանագրել»:

Դեսպան Լաքոթն ընդգծել է, որ կրթության համակարգում կատարվել են աշխատանքներ, որոնք գոհացուցիչ են և արդյունքներն էլ ակնառու: Նա խոստովանել է, որ Հայաստանում իր մեկամսյա գործունեության ընթացքում ունեցած հանդիպումներից, թերևս ամենակարևորը՝ կրթության համակարգի հարցերի քննարկումն է եղել:

«Քիչ են այն երկրները, որոնց հետ Ֆրանսիան կրթության ոլորտում այսքան խորացված հարաբերություններ ունի»,-շեշտել է Ֆրանսիայի դեսպան Լաքոտը:

Նա տեղեկացրել է նաև, որ մտադրություն կա  ընդլայնել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը, քայլեր են կատարվում դպրոցներում ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցմանն աջակցելու ուղղությամբ:

Placeholder
Դեսպան. Քայլեր են արվում ՀՀ դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցմանն աջակցելու համար