Ալբերտ Սարգսյան. Հայաստանում հեռավար ուսուցումը դանդաղ է զարգանում
Կրթություն, գիտություն
12:18 29/11/2017
Հայաստան

Ալբերտ Սարգսյան. Հայաստանում հեռավար ուսուցումը դանդաղ է զարգանում

«Հայաստանում առցանց կրթության պահանջարկը բավականին մեծ է»,-իրենց կենտրոնի փորձը վկայակոչելով՝  հայտարարեց ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ալբերտ Սարգսյանը «Առցանց մագիստրոսական կրթության հնարավորությունները և հեռանկարները Հայաստանում» թեմայով ասուլիսի ժամանակ:

«Երբ մենք առցանց դասընթացների ծրագիր առաջարկեցինք, դիմորդների թիվը գերազանցեց 700-ը: Դա անվճար ծրագիր էր, գուցե վճարովիի դեպքում թիվն ավելի քիչ լիներ»,-ասաց կենտրոնի ղեկավարը:

Նրա խոսքով, ծրագիրն իրականացրել են Ազգային կրթության նորարությունների հիմնադրամի աջակցությամբ, շատ դժվարությամբ են ձեռքբերել թույլտվություն:

Սարգսյանն ընդգծեց, չնայած տեխնոլոգիաների զարգացմանն ու ընձեռած հնարավորությունների մեծացմանը, այսօր Հայաստանում այդ ոլորտի զարգացումը շատ դանդաղ է:

«Դա կրթություն ստանալու լավագույն հնարավորություն է հեռու մարզերում ապրող, ինչպես նաև աշխատող մարդկանց համար»,-ասաց Սարգսյանն ու նշեց, որ արտասահմանյան համալսարաններ կան, որ միլիոնից ավելի ուսանողի նման ուսուցում են տալիս:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Պետական կառավարման ակադեմիային ռեկտոր Արսեն Լոքյանը նշեց, որ այսօր ԳԱԱ-ի հետ հեռավար ուսուցմամբ իրականացնում են գործարար վարչարարության մագիստրոսական կրթական ծրագիր՝ համատեղ դիպլոմի տրամադրմամբ:

«Սկզբում մեզ մի հարց էր անհանգստացնում, կկարողանա՞նք հեռավար ուսուցմամբ ապահովել այնպիսի որակ, ինչպիսին լինում է առկա ուսուցման պայմաններում: Դա բարդ ու դժվարին գործընթաց էր, բայց կարողացանք հաջողությամբ հաղթահարել: Հիմա մենք համոզված ենք, այո, օգտագործելով կրթական նոր տեխնոլոգիաները, ուրբանիզացիան, ժամանակի մարտահրավերները, զարգացումները, իսկապես կարող ենք սովորողին հասցնելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է մագիստրոսի  որակավորում ստանալու համար»,-ասաց ակադեմիայի ռեկտորը:

Մինչ ծրագրի իրականացումն ուսումնասիրել են դրսի փորձն ու վերապատրաստել մասնագետներին:

«Առկա է համապատասխան գործիքակազմ՝ ստուգելու համար, մատուցված նյութը տեղ հասե՞լ է, թե՞ ոչ: Օբյեկտիվ գնահատման հնարավորություն ևս կա՝ իդենտիֆիկացման ծրագրի միջոցով: Հեռավար ուսուցումը լավ կազմակերպվելու դեպքում մի քանի անգամ ավելի արդյունավետ է, քան հեռակա ուսուցումը»,-ասաց ակադեմիայի ռեկտորը:

Placeholder
Ալբերտ Սարգսյան. Հայաստանում հեռավար ուսուցումը դանդաղ է զարգանում