Մայրաքաղաք, որ ամենևին էլ մայր չէ
Հասարակություն
11:08 07/12/2017
Հայաստան

Մայրաքաղաք, որ ամենևին էլ մայր չէ

Հայաստանը եզակի ուրբանիզացված երկրներից է: Եզակի՝ միակ քաղաքի քաղաքականությամբ: Բուհերը Երևանում են, աշխատատեղերը, եթե կան, Երևանում են, կինո-թատրոններ, անխնա քանդվող ու խցկելով կառուցվող շենքեր, կառավարություն,…  Միակողմանի հոսք մարզերից դեպի քաղաք, որը կարգավիճակով հավասար է մարզի: Բնակչության համարյա կեսը ապրում է Երևանում, և այն վաղուց պետք էր փակ հայտարարել: Երկիրը պիտի տասն անգամ շատ բնակչություն ունենար, եթե այսքան մարդ ապրում է մայրաքաղաքում:

Ինչո՞ւ է պետք այսքան «ուշադրություն» մի քաղաքին: 

Երևանը դեմքն է երկրում վարվող տնտեսական քաղաքականության ու ապշեցնող քաղքենիության. ամենաժամանակավրեպ միլիոնանոց նախագծերը Երևանի համար են՝  «Հին Երևան», գյուղական պատկերներ, Նոյյան տապան…:
Երևանն ինքը դառնում է Նոյյան տապան:

Երկիրը տնտեսապես կառավարել չկարողանալը բերում է նրան, որ ամեն ինչ հավաքվում է մի տեղ՝ ընդ որում ցուցադրելու համար:  Նույնիսկ երբ Մինասի որմնանկարները պիտի վերականգնեին, դրանք բերեցին Երևան ու թողեցին Երևանում: Պարզվում է Երկրի Երկրորդ քաղաքում անգամ հնարավոր չէր այդ վերականգնումը ու հետո էլ չկար հարմար տեղ ցուցադրելու…:
Երկրորդ քաղաքում:

Եթե պատճառը Երևանի մայրաքաղաք լինելն է՝ պետք է մայրաքաղաքը տեղափոխել, այդ կերպ գոնե ստիպելով այլ քաղաքների զարգացումը: «Շրջիկ մայրաքաղաք» երկրով մեկ:

Եթե պատճառը պատերազմն է, ապա առավել ևս Երևանը չպիտի սարքել խաղաղության կղզի: Երևանը դառնում է գենետիկական ուռուցք՝ անտարբեր այլ քաղաքների ու գյուղերի ցավերին:
Էլ ինչո՞վ է մայր այս քաղաքը:

Երբ սահմանային գյուղերում պաշտպանական պատնեշներ էին կառուցում ու Երևանի բնակչությունը խնդրեց ու պահանջեց քաղաքապետարանից չնշել Երևանի տոնը ու այդ գումարը փոխանցել սահմաններին՝ քաղաքապետարանը մերժեց: Հավանաբար, իր տեսակետից հիմնավոր էր մերժումը՝ ամեն քաղաք ինքն իր համար…:
Ո՞ւր մնաց տեղական ինքնակառավարումը:

Երբ Գյումրիում ողբերգություն եղավ, սպանվեց ու մորթվեց Ավետիսյանների ընտանիքը, ամբողջ երկիրը սառել էր դեպքի դաժանությունից, Երևանի քաղաքապետարանում Ամանոր էին նշում: Ըստ ծրագրի:

Ինչո՞վ է մայր այս քաղաքը: Ես այդպիսի մայր չեմ ճանաչում:

Անահիտ Ոսկանյան

Placeholder
Մայրաքաղաք, որ ամենևին էլ մայր չէ