Տնտեսագետ. Հայաստանում այսօր չմեռնելու գինը շատ ավելի բարձր է, քան նվազագույն աշխատավարձը
Քաղաքական
17:00 12/12/2017
Հայաստան

Տնտեսագետ. Հայաստանում այսօր չմեռնելու գինը շատ ավելի բարձր է, քան նվազագույն աշխատավարձը

«Աղքատության վերաբերյալ հրապարակված տվյալներն իրականությունը չեն արտացոլում»: Panorama.am-ի  հետ զրույցում նման կարծիք հայտնեց  «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2016-ին Հայաստանում աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 880 հազար մարդ, որից  մոտ 295 հազար շատ աղքատ են, նրանցից  54 հազարը՝ ծայրահեղ աղքատ:

«Ոչ բոլորն են հաշվառված: Երկրորդը՝ մենք ունենք աշխատող աղքատներ: Ես ուզում եմ հորդորել կառավարությանը, որ նրանց հատուկ ուշադրություն դարձնի: Նրանք այն մարդիկ են, ով ի տարբերություն վեցանիշ և յոթանիշ թվերով աշխատավարձ ստացողների, ստանում են նվազագույն աշխատավարձ, ինչը բավարար չէ կենսաապահովման զամբյուղի համար: Այսինքն, չմեռնելու գինը շատ ավելի բարձր է, քան նվազագույն աշխատավարձը, որը մենք որպես պետություն վճարում ենք աշխատողին: Ես կարծում եմ, որ Հայաստանի բնակչության կեսն այսօր գտնվում է աղքատ վիճակում: Մարդիկ կան, որ թշվառ են, տարրական պայմաններ չունեն»,-ասաց նա:

Հայաստանում աղքատության բարձր մակարդակը Թաթուլ Մանասերյանը պայմանավորում է մի քանի գործոնով, որոնցից առաջնահերթ են երիտասարդների շրջանում մեծ գործազրկությունը և գիտության ներկայիս վիճակն ու ֆինանսավորումը:

«Կառավարությունը մի քիչ ավելի մտահոգված պետք է լինի հատկապես այս առումով: Ես ավելի քան մեկ տարի առաջ առաջարկություններ եմ ներկայացրել երիտասարդության շրջանում ինքնազբաղվածության խթանման վերաբերյալ, սակայն դրանք անտեսվում են»,-նշեց նա:

Տնտեսագետը հիշեցնում է, որ աղքատությունն առաջին հերթին կրճատվում է աշխատատեղերի ստեղծմանը միտված քաղաքականության շնորհիվ, մինչդեռ Հայաստանում այդ առումով շատ խնդիրները մնում են չլուծված.

«Հայտարարում են, որ ցանկանում են ստեղծել գիտելիքահեն տնտեսություն, բայց գիտության ֆինանսավորումը հասցվել է կես տոկոսի: Բնական է, որ արդյունքներն այսպիսին պետք է լինեն»:

Գիտնականը խիստ կարևորում է գիտության ոլորտում սերնդափոխության իրականացումը, որպեսզի Հայաստանում սովորելն ու աշխատելը երիտասարդների համար «պրեստիժնի» լինի: 

«Հիմա հակառակն է արվում: Ընդամենը 140 ասպիրանտական տեղի համար տարկետման իրավունքը հանվեց, մինչդեռ միաժամանակ հազարավոր երիտասարդներ ուղղակի խուսափում են ծառայությունից: Ավելի լավ կլիներ ուշադրություն դարձնել այդ հազարներին, ովքեր ուղղակի հրաժարվում են Հայաստանի քաղաքացիությունից, ընտրում են Ռուսաստանի կամ այլ երկրի  քաղաքացիություն, որպեսզի չծառայեն»,-ցավ հայտնեց Panorama.am-ի զրուցակիցը:

Թաթուլ Մանասերյանը մատնացույց է անում նաև սոցիալական արդարության, կադրարային քաղաքականության անբավարար վիճակը:

«Իրականում ոչ թե մրցույթներ են իրականացվում ընտրելու այս կամ այն կառույցի ղեկավարին, այլ կամայական ընտրություն է լինում՝ սա այսինչի ծանոթն է, բարեկամը: Եվ դա սկսում է հենց կառավարության վերին օղակներից, որտեղ տեղ են գտել բացարձակ ապաշնորհ մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն այդ կառույցների հետ, սակայն ստանում են բավականին բարձր աշխատավարձեր: Սրանք  էլ երիտասարդության շրջանում նույնպես դժգոհության ալիք է բարձրացնում: Դժվարացել է երիտասարդներին գիտելիք տալ՝  համոզելով, որ դա իրենց պետք է գալու: Իրականում աշխատանքի են գալիս մարդիկ, որոնք այդ ոլորտի հետ կապ չունեն, գիտելիք չունեն»,-խնդիրը ներկայացրեց Մանասերյանը:

Տնտեսագետը շեշտում է, որ Հայաստանում գնողունակության կտրուկ անկում կա, դրա դեմն առնելու համար պետք է թիրախավորված քաղաքականություն՝ երկրում առկա բևեռացումը թուլացնելու համար.  «Իսկ դա միայն մի դեպքում է հնարավոր՝ աշխատատեղերի ստեղծմանը միտված արդյունավետ տնտեսական քաղաքականություն իրականացվի»:

ԱՎԾ կողմից աղքատության վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո առավել մեծ արձագանք ստացան ՀՀԿ-ական  երկու պատգամավորների մեկնաբանությունները՝ աղքատության մակարդակի ու գնաճի վերաբերյալ:

«Նրանց պետք է ոչ միայն հանրային պարսավանքի ենթարկել, այլև պատասխանատվության կանչել լկտիության, ամբարտավանության համար: Դա նշանակում է, որ այդ մարդիկ անհաղորդ են իրավիճակին ու իրենց տեղում չեն գտնվում: Ես ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ անցած տարի ապրիլյան պատերազմի օրերին ոչ մի մեծահարուստի, ոչ մի նախարարի, պատգամավորի զավակը չի զոհվել, չի վիրավորվել, անդամալույծ դարձել: Ուրեմն նրանք պարտավոր են հարգել իրենց ու իրենց նմանների խաղաղությունն ապահովողներին»,-ընդգծեց Մանասերյանը:

Հաշվի առնելով, որ արդեն հրապարակվել են հաջորդ տարվա բյուջեի ցուցանիշները, Մանասերյանը կարծում է, որ աղքատության նվազման մասին խոսք լինել չի կարող:

«Ես անկեղծ ասած, մեծ սպասումներ չունեմ, քանի որ այսօրվա նախարարները, բացառությամբ մեկ երկուսի, նախաձեռնող չեն, նոր գաղափարներով առաջ չեն գնում, ավելին հաշվետվություն չեն ներկայացնում: Ես որպես քաղաքացի, որպես տնտեսագետ պահանջում եմ, որ կառավարության ամեն մի առանցքային օղակ ամեն ամիս հաշվետվություն ներկայացնի, թե ինչ է արել: Նրանք պարտավոր են դա անել»,-ընդգծեց Մանասերյանը՝ հավելելով, որ համակարգային բարեփոխումների համար աշխատանքներում ճիշտ մարդիկ պետք է ներգրավված լինեն:

Տնտեսագետն ամոթ է համարում, որ Հայաստանի համար հաջորդ տարի կանխատեսվում է 4.5 տոկոս տնտեսական աճ.
«Ես Արցախի Հանրապետությունը Հայաստանից չէի տաևանջատի: Այնտեղ նույնիսկ ավելի ռիսկային պայմաններում արձանագրվում է երկնիշ տնտեսական աճ: Ես խորհուրդ եմ տալիս, որ մեր չինովնիկները գնան ու սովորեն Արցախից: Արցախը շատ առաջ է անցել Հայաստանից և կարող է օրինակ ծառայել Հայաստանի Հանրապետության համար»:

Placeholder