Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԱՀ. Հայաստանում տվյալագիտության մասնագետներ կպատրաստվեն
2018թ. սեպտեմբեր ամսից Հայաստանում առաջին անգամ կդրվի նոր՝ տվյալագիտության բակալավրի աստիճանի մեկնարկը, որը եզակի նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար: Ծրագրի մեկնարկին նվիրված ասուլիսում նման համազմունք հայտնեց Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) փոխնախագահ Աշոտ Ղազարյանը:
«Ծրագրի հիմնական շեշտադրումը լինելու է մաթեմատիկան, վիճակագրությունը և հաշվարկումը: Մեկ տարի սովորելուց հետո ուսանողները հնարավորություն կունենան ընտրել նեղ մասնագիտացում՝ գործարար վերլուծության կամ կենսաինֆորմատիկայի ոլորտում: Ծրագիրը գտնվում է Դպրոցների և քոլեջների արևմտյան ասոցիացիայի հանձնաժողովի կողմից հավատարմագրման հաստատման գործընթացի մեջ»,-մանրամասներ ներկայացրեց բանախոսը:
Տվյալագիտության բակալավրի աստիճանը միջգիտակարգային աստիճան է, որն իր մեջ ներառում է վիճակագրական մոդելավորման, մեքենայաուսուցման և հաշվիչ գիտությունների հիմնական դրույթները: Ավարտելուց հետո ուսանողները կտիրապետեն հսկայածավալ տվյալները կառավարելու հմտություններին:
«Տվյալագիտությունն այսօր ամենից արագ զարգացող տեխնոլոգիաներից է: Հայաստանի համար սա կարևոր ուղղություն է, քանի որ հիանալի հնարավորություն է ընձեռում լինել առաջինների շարքում: Արդյունաբերական չորրորդ հեղափոխությունը նոր խաղի կանոններ է թելադրում ամբողջ աշխարհում, և ի հայտ են գալիս բեկումնային տեխնոլոգիաներ, որոնք սկսում են փոխել աշխարհը», - նշեց ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանը:
Համալսարանի Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դասախոս Արթուր Խալաթյանի խոսքով, առաջադեմ բոլոր պետությունները տվյալագիտությունը դասում են ամենակարևոր մասնագիտությունների շարքին:
«McKinsey ընկերության իրականացրած հետազոտության համաձայն, մի քանի տարի հետո ամբողջ աշխարհում տվյալագիտության ոլորտում կանխատեսվում է մոտ 500,000 մասնագետի դեֆիցիտ»,-ասաց նա:
Նշվեց, որ տվյալագիտության նպատակը էլեկտրոնային տվյալներից գիտելիքի ստացումն է: Այն ամենաարագ զարգացող մասնագիտություններից մեկն է: Ըստ որոշ գնահատականների, ողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, տվյալագիտության աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի միջև տարբերությունը հասնում է մինչև 50%-ի:
Տվյալագիտությունը և մեքենայական ուսուցումն այսօր կիրառվում են ֆինանսական և բանկային
ոլորտներում, էլեկտրոնային կառավարման համակարգերում: Խոշորագույն կազմակերպությունները, ինչպիսիք են Google-ը, Amazon-ը, Facebook-ը և IBM-ը, հսկայական միջոցներ են ներդնում տվյալագիտության ոլորտում առաջատար դիրքեր գրավելու համար: