Կրթության որակի հարցում ունենք չիրականացրած երազանք. Ռուզաննա Մուրադյան
Կրթություն, գիտություն
11:55 30/01/2018
Հայաստան

Կրթության որակի հարցում ունենք չիրականացրած երազանք. Ռուզաննա Մուրադյան

«Կրթության ոլորտում վերանում են բոլոր կուսակցական, քաղաքական դիրքորոշումները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ անդրադառնալով ոլորտի խնդիրներին ու զարգացումներին:

Պատգամավորը կրթության համակարգում 2017 թվականի ձեռբերումներից երկու ծրագիր առանձնացրեց՝ ձեռնարկատիրական կրթության և ֆինանսական կրթության ծրագիրը:

«Ձեռնարկատիրական կրթության տարրերը արդեն շատ դպրոցներում մտան երկրորդ և երրորդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի մեջ: Սա շատ կարևոր է, որպեսզի կարողանանք արժեք ստեղծելու մտածելակերպը փոքր տարիքից երեխաների մոտ դարձնենք սեփականություն: Ստեղծողի մտածողությունը աշակերտի մոտ պետք է զարգացնենք փոքր տարիքից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ֆինանսական կրթությանը՝ Ռուզաննա Մուրադյանն ասաց, որ դա մի շարք դպրոցներում որպես տարր՝ «Հանրահաշիվ», «Շրջակա միջավայր», «Հասարակագիտություն» առարկաների մեջ իր տեղն ունեցավ:

«Կարծում եմ՝ սրանք ժամանակի պահանջ ունեցող բովանդակային ծրագրեր են, մնում է ճիշտ ուղղությամբ կարողանանք զարգացնել և ինտեգրել»,- նշեց Մուրադյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը կարևորեց նաև դպրոցական սնունդի ծրագիրը. «Այս ծրագիրը գնալով ընդլայնվում է, և արդեն տարբեր մարզեր կարողանում են օգտվել սրանից: Ամենակարևորն այստեղ այն է, որ կրթության մեջ նաև երեխայի առողջության ապահովման հարցն է դրված, ինչն էլ ուղղակիորեն ազդում է հենց կրթության որակի վրա»:

Պատգամավորի խոսքով՝ այս ամբողջի կողքին, դեռևս որակի հարցում չլուծված խնդիրներ կան:

«Ոլորտում դեռևս չիրականացրած երազանք ունենք, որն էլ փորձում ենք տարբեր ծրագրերով լուծել: Վերջերս շրջանառության մեջ դրվեց բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը, հիմա քննարկումների փուլում է: Օրինագծի ամբողջ առանցքը հենց ուղղված է բարձրագույն կրթության ակադեմիական որակի բարելավմանը»,- հավելեց Մուրադյանը:

Placeholder
Կրթության որակի հարցում ունենք չիրականացրած երազանք. Ռուզաննա Մուրադյան