Ատելությանը խոտորնակ
Հասարակություն
11:52 07/05/2018
Հայաստան

Ատելությանը խոտորնակ

Այս օրերին  սկսել են գրել ատելության մասին.  «Դուք մեզ ատում եք, ուր է արդարությունը»:

Ինչու՞ այս օրերին: Մի՞թե ատելությունը կարող է ծնվել հանկարծ, ու այն էլ՝ հաղթանակի գիտակցությունից: Ոչ կարծում եմ:  Եթե կա, ուրեմն եղել է առաջ ևս: 

Եթե կա, այն եղել է վախկոտների ներսում, ոչ՝ իրենց հաղթող համարողների:

Թողնենք այդ եղած, կամ չեղած ատելությունը մի կողմ:

Եկեք նայենք՝ ինչ եղավ Երևանի 11 դպրոցում: Աշակերտները բողոքեցին  տնօրենի դեմ ու պահանջեցին նրա «հրաժարականը»: Իր հերթին տնօրենի վերջին քայլերից մեկը՝  փորձել էր աշխատանքից հեռացնել  ուսուցչի՝ «հանրահավաքներին մասնակցելու համար»:

Մի կողմից լավ է, որ աշակերտները տեր են կանգնում իրենց ուսուցչին, մյուս կողմից՝ վատ է, որ ուսուցիչը այլ ելք չունի իր հարցերը լուծելու:

Մի կողմից լավ է արտահայտվող աշակերտը, մյուս կողմից՝ արդյո՞ք  ասելն ու լսելը դինամիկ հավասարակշռւթյան մեջ են երեխաների մոտ:

Մի կողմից հասկանալի է  անօրինության դեմ պայքարի եռանդը, մյուս կողմից՝  դա չի կարող մշտապես քաղաքացիների գործը լինել:

Մի կողմից լավ է, որ դատախազությունը ընթացք տվեց գործին, մյուս կողմից՝  իսկ ինչո՞ւ  նախաձեռնողը ինքը չլինի:

Մի կողմից  արդարադատության պահանջը բնական է, մյուս կողմից՝  արդարադատական համակարգը աշխատեցնելն ավելի կարևոր է:

Կա՞ ատելություն: Եթե կա, եկեք որոշենք, թե ինչի դեմ է այն: Եկեք ինչին դեմ ուղղենք, ոչ թե՝ ում: Ես հասկանում եմ՝  կա այս պահին խնդիրները արագ լուծելու մեխանիզմ՝ միասնական բողոքը, բայց այս պահի գերագույն խնդիրը պիտի լինի նաև վաղվա մեխանիզմը  մեկնարկի մեջ դնելը:

Ես հասկանում եմ՝ տարիներով արհամարհված լինելը դուրս է հորդում  ծաղրի տեսքով ևս, ու գուցե դա բնական է… Բայց մյուս կողմից ՝ տարիներով «Կիսաբաց պատուհաններ» նայող ու դրանից ստոր չդարձած ազգը, որ իրեն այսօր հաղթած է զգում,  հաստատ  ավելի  իմաստուն քայլեր կգտնի կուտակված խնդիրները ԼՈՒԾԵԼ ՏԱԼՈՒ համար:

Անահիտ Ոսկանյան

Placeholder
Ատելությանը խոտորնակ