Ռոսսելխոզնադզորը խնդրում է չքաղաքականացնել հայկական լոլիկի հարցը
Տնտեսություն
12:06 29/05/2018
Աշխարհ

Ռոսսելխոզնադզորը խնդրում է չքաղաքականացնել հայկական լոլիկի հարցը

Հայկական լոլիկն ու դրա ներկրման հետ կապված հարցերը կրկին Ռոսսելխոզնադզորի ուշադրության կենտրոնում են:

ՌԴ պետական այդ մարմնի ղեկավարի ու Հայաստանի գյուղատնտեսության նախարարի խորհրդական  Արմեն Հայրապետյանի, ով նախկինում ՍԱՊԾ պետն էր, հանդիպմանը քննարկվել են Ռուսաստան արտահանվող լոլիկի բուսասանիտարական անվտանգության ապահովումը Հայաստանի կողմից:

Ռոսսելխոզնադզորի պաշտոնական կայքում  հրապարակված տեղեկատվության համաձայն, մայիսին Հայաստանից Ռուսաստան է ներկրվել 450 ավտոմեքենա  լոլիկ՝ մոտ 9200 տոննա:  Մեկ ամսվա ընթացքում լոլիկի վնասակար ցեցով վարակված լինելու 27 դեպք է գրանցվել:

Արմեն Հայրապետյանը վստահեցրել է, որ սեղմ ժամկետներում կիրականացվեն համապատասխան աշխատանքներ:

Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը պաշտոնապես դիմել է հայկական կողմին՝  այդ ոլորտում աշխատող պաշտոնյաների ուշադրությունը հրավիրելով կարանտինից ազատ գոտի ստեղծելու անհրաժեշտության վրա, որպեսզի Ռուսաստան ներկրվի անվտանգ լոլիկ: Հարցը բարձրացվել է նաև Հայրապետյանի հետ հանդիպման ժամանակ:

Ռոսսելխոզնադզորը նաև դիմում է ԶԼՄ ներկայացուցիչներին՝ խնդրելով չքաղաքականացնել Հայաստանի տարածքից Ռուսաստան լոլիկի ներկրումը, ավելացնում, որ խնդիրները տեխնիկական բնույթի են և ուղղված են բուսասանիտարական անվտանգության ապահովմանը:

Ուշագրավ է, որ հայական կողմը՝ ոչ գյուղատնտեսության նախարարությունը, ոչ էլ Սննդամթերքի անվտագության պետական ծառայությունը հանդիպման ու քննարկված խնդրի մասին որևէ հաղոևդագրություն չեն տարածել:

Placeholder