Երբ  գրում ես փոխվարչապետին,  իսկ պատասխանում են…  «ի պատասխան»
Քաղաքական
19:54 11/06/2018
Հայաստան

Երբ գրում ես փոխվարչապետին, իսկ պատասխանում են… «ի պատասխան»

Սոցցանցերում չարչրկված հարցեր Դուշամբեի հետ կապված՝ հիշո՞ւմ եք:  04.06.2018-ին մի-երկու րոպեի ընթացքում կազմեցի արդեն հասունացած հարցերը, դրանից առաջ «թերթեցի» տաջկական լրատվամիջոցները (ինչը մինչ այս չեմ հիշում` երբ եմ արել), ու ուղարկեցինք ՀՀ փոխվարչապետին:

Պատասխանն եկավ մեկ շաբաթ հետո: Դա զարմանալի է, քանի որ, երբ ծրագրին անծանոթ մարդը հարց է կազմում մեկ-երկու րոպեում,  ծրագրով եփված կողմը պիտի որ գոնե մեկ օրում պատասխաներ, քանի որ ենթադրվում է, որ սոցցանցերի ռեակցիան արդեն ուսումնասիրած պիտի լինեին ու պատրաստի պատասխան ունենային:

Այնպես որ՝ Դուշանբեին այսքան ուշ անդրադարձը ամենևին իմ քմահաճույքը  չէ:
Եվ այնուամենայնիվ՝ թույլ տվեք, որպես բարի քայլ ,փոքր-ինչ չհավատալ, որ հարցերը լրջորեն ու մանրամասնորեն զեկուցվել են Արարատ Միրզոյանին:

Դատեք ինքներդ.

Հարցումը.
«ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում  անդրադարձել էր «թիվ մեկ բորտով» Դուշանբե թռչելու շուրջ առաջացած աղմուկին: Նա գրել էր, որ «ֆինանսական խնայողություններն, իհարկե, մեր առաջնահերթություններից են, և մենք հետևողականորեն գնում ենք այդ ուղղությամբ։ Միաժամանակ պետք է հասկանանք, որ ծախսեր կան, որ պետք է արվեն՝ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի, ինչու չէ՝ նաև մեր երկրի պատշաճ ներկայանալու համար»:

Կարո՞ղ եք ասել՝
1.Ովքեր են գնացել, մասնավորապես՝ որ լրատվամիջոցներից ու ինչ հրապարակումներ կան Դուշանբեում տեղի ունեցած հանդիպումների, քննարկումների մասին:

2. Կա՞ կառավարության հաշվետվությունը ձեռք բերած պայմանավորվածությունների մասին, որտեղ կարո՞ղ ենք կարդալ:

3. Տաջիկական լրատվամիջոցներն անդրադարձել էին ԱՊՀ երկրների հանդիպմանը մի թեթև հոդվածով, իսկ հիմնականը՝ Մեդվեդևի, Ուզբեկստանի վարչապետի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին են: Ռուսաստանն, օրինակ, հիմնականում քննարկել է միգրանտների ու էներգետիկ հարցեր:

Այսպիսով՝  ինչո՞վ էր արդարացած 20 հոգանոց պատվիրակության այցը Դուշամբե, եթե չկա ոչ հրապարակում, ոչ ծանուցում:

Նշեմ միայն, որ (էլի տաջկական լրատվամիջոցից) շատ մարդ հավաքելը  ու դրանով Դուշամբեն գովազդելը թերևս պարոն Էմոմալու առաջնային ծրագրերից մեկն էր»:

Հիմա նայենք «Ի պատասխանը».

1. «ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հետ 2018 թ. մայիսի 31-ին ք. Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) են մեկնել երկու լրատվամիջոցներ` «Factor TV»-ն և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: Գործուղման ողջ ընթացքն ու արդյունքները լուսաբանել են այս լրատվամիջոցների թղթակիցները : Ռեպորտաժների հետ կարող եք ծանոթանալ վերոհիշյալ լրատվամիջոցների կայքերում»:

Ասել կուզի` 2 լրատվամիջոց (ենթադրելի է 2-3 հոգի), 1 փոխվարչապետ և, ըստ թվաբանության, 15-16 հոգի՝ միայն ի ցույց  դրվելու: Ամենահամեստ միլիոններով անգամ` շատ ճոխ է:


2. «ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ 2018 թ. մայիսի 31-ից հունիսի 1-ը ք. Դուշանբե կատարած գործուղման արդյունքների հաշվետվությանը կարող եք ծանոթանալ е-gov.am կայքում»:

Մենք ուրախ կլինեինք ծանոթանալ, եթե հարցում ուղարկելու օրը այն լիներ: Սակայն այդ օրը, հաջորդ օրը հաշվետվությունը չկար՝ այն դրվել է պաշտոնական կայք մեր հարցումից երկու օր հետո: 

Հուսանք, որ գոնե մեր հարցումով օգտակար եղանք կառավարական պաշտոնական կայքին:  Ի դեպ, մի բան էլ՝ և հարցումները, և պատասխանները պիտի  հատուկ մատյանում գրանցվեն ու ունենան իրենց համարը: Պատասխանը համարակալված չէր: Այնպես որ՝ մյուս հարցման ժամանակ, եթե անդրադառնանք այս պատասխանին, չենք իմանա ինչպես այն հիշեցնել:

Հաջորդը.

3. «ՀՀ կառավարությունն իր պաշտոնական այցերը և գործողումները չի պայմանավորում արհեստական ու ձևական հանգամանքներով: Դրանց հիմքում ՀՀ պետական շահն ու հետաքրքրություններն են: Մասնավորապես՝ ԱՊՀ-ն շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը, և Երևանը շարունակելու է այդ ձևաչափում ներգրավված մնալ ամենաբարձր մակարդակով, քանի որ տարածաշրջանային համագործակցության ցանկացած ձևաչափ կարևոր է մեր պետության համար: Դուշանբեում 20-հոգանոց պատվիրակությամբ ներկայացված լինելը դրա վառ ապացույցն է: Բացի այդ, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի, ինչպես նաև առանձին հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել չափազանց կարևոր պայմանավորվածություններ, ինչի մասին կարող եք կարդալ 2-րդ կետում մատնանշված հաշվետվության մեջ»:

Լավ ելույթ է, վատ պատասխան:

Կրկին հիշեցնեմ՝ կարդացեք տաջկական լրատվական կայքերը՝ ոչ ոք տպավորված չէ 20 հոգի քանակով,  այդ քանակը նույնիսկ չի էլ նկատվել՝  դա իզուր ծախս էր և չլուծված «ապացույց»: Եվ հետո՝ ինչ կարիք ունեինք հանկարծ տպավորել տաջիկներին...  միևնույն է՝ անհասկանալի է:

Ես կարծում եմ՝ պիտի առաջնորդվել սոցցանցերում  տարածված խորհրդով՝ «տեսածի պես ձեզ պահեք»:

Անահիտ  Ոսկանյան

Placeholder
Երբ գրում ես փոխվարչապետին, իսկ պատասխանում են… «ի պատասխան»