Լյարդի ճարպակալումը՝ 21-րդ դարի էպիդեմիա
Առողջություն
15:13 12/06/2018
Հայաստան

Լյարդի ճարպակալումը՝ 21-րդ դարի էպիդեմիա

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումն իր բազմաթիվ կլինիկական ձևերով համարվում է 21-րդ դարի էպիդեմիա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր լյարդաբան, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանը:

Նրա խոսքով՝ թեև վիրուսային հեպատիտներն են մարտահրավեր աշխարհին, սակայն ոչ պակաս մարտահրավեր է լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը, որն  այսօր տարածված է ամբողջ աշխարհում: 

«Աշխարհի բնակչության 25-30 տոկոսը տառապում են լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություններից: Ցավալին այն է, որ երեխաների մոտ ևս այն տարածված է»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ Հայաստանը և ընդհանրապես տարածաշրջանի երկրներն այս դեպքում ևս գտնվում են առաջատար դիրքերում:

Լյարդի ճարպակալման առավել տարածված ռիսկի գործոններն են ավելորդ քաշը, շաքարային դիաբետը, արյան բարձր ճնշումը: Հիվանդությունն առավել հաճախակի հանդիպում է 45 տարեկանից հետո:

Ըստ Հասմիկ Ղազինյանի, իրական վիճակագրությունը դեռևս հայտնի չէ, բայց խոստացավ, որ ապագայում այդ թվերը կներկայացնեն:

Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Արեգնազ Մխիթարյանի խոսքով՝ լյարդի   ճարպակալման պատճառ կարող է դառնալ անառողջ ապրելակերպը, ոչ ճիշտ սնվելը: «Ոչ ճիշտ սնվել ասելով նկատի չունենք դիետիկ սնվելը: Մարդը պետք է օրական մի քանի անգամ սնվի, մինչդեռ շատերը ուտում են օրը մեկ անգամ, ընդ որում՝ ուշ երեկոյան: Օրական 30 գրամ ալկոհոլի օգտագործումը ևս կարող է ճարպակալման հանգեցնի»,- ասաց դոցենտը:

Մասնագետները նշեցին, որ լյարդը  ճարպակալված է համարվում, երբ կենսական օրգանի քաշի 5 տոկոսից ավելին  կազմում է ճարպը:  Ռիսկի գործոներն են ոչ ֆիզիկական ակտիվությունը, սխալ սնվելը:

Մասնագետները լյարդի ճարպակալումից խուսափելու համար խորհուրդ են տալիս օրական սնվել 3-4 անգամ, վարել ֆիզիկական ակտիվ կենսակերպ, հարկավոր է խուսափել նաև ճարպոտ ու քաղցր սննդամթերքից և հարստացնել սննդակարգը մանրաթելեր ու առողջարար ճարպեր պարունակող մթերքով:

Placeholder
Լյարդի ճարպակալումը՝ 21-րդ դարի էպիդեմիա