Եթե ԱԱԾ-ն եկել է ձեր տուն…
Քաղաքական
17:13 22/06/2018
Հայաստան

Եթե ԱԱԾ-ն եկել է ձեր տուն…

Վերջերս ԱԱԾ-ն ակտիվ գործողություններ է իրականացնում՝ հասարակական բուռն  օվիացիայի ներքո:

«Դոն Պիպո»,  Մանվել Գրիգորյան,  Առաքել Մովսիսյան,…  բացահայտումներ,  խուզարկություններ, հասարակական ռեզոնանս: Ու որքան էլ ոգևորիչ, կամ ամոթալի, կամ հուսահատեցնող ու հիասթափեցնող լինեն բացահայտումները, հասուն պահանջ կա դրանք իրակացնելիս հետևելու օրենքի տառին:

Ուստի, panorama.am-ը որպես հավասարակշռված ու օբյեկտիվ լրատվամիջոց, պատասխանատվություն ունի հետևելու, թե որքանով է օրենքը պահպանվում: Որովհետև օրենքը չխախտելը գրավականն է հետագա բարեփոխումների ու դրական զարգացումների: 

Չպիտի լինի «սեպը սեպով», որքան էլ հասարակական բորբոքվածությունը դա պահանջի:

Սակայն բանավոր հարցմանը որոշակի պատասխան չեղավ՝ ասացին, որ ԱԱԾ-ն  «ԱԱԾ մասին օրենքով» է ի կատար ածում գործողությունները: 

«Ձեր հարցերը հավանաբար կլինեն տարածվելիք հաղորդագրության մեջ»,-  ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը:

Հավանաբար:  Անհամբեր սպասում ենք:  ՈՒ հաստատ ավելի անհամբեր են նրանք, ովքեր իրենց տներում, բնակարաններում, առանձնատներում, աշխատավայրերում, նկուղներում,… «սպասում են»  ԱԱԾ աշխատակիցներին:

Ասենք, որ ԱԱԾ-ին հարցադրումները ինքնին հասունանում էին, սակայն հենց  այսօր դիմելու  առիթ եղավ ԱԱԾ-ի կողմից երեկ բերման ենթարկված ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ «Ազատությանը» տված մանրամասները, թե՝ «Աղջկաս հարցրել են՝ զենք ունի, ասել է հա, սեյֆը ցույց է տվել: Ես տանը չեմ եղել,…»: 

Ես ելնում եմ այն սկզբունքից, որ պիտի պատժվի մեղավորը, ու որ մեղավորությունը որոշվում է դատարանով: Մինչ այդ՝ օրենքին պիտի հետևեն բոլորը, այլապես ապահովության ու վստահության մթնոլորտ չի ստեղծվի: Իսկ այն երկար տարիներ երազում են շատերը:  

Մինչ ԱԱԾ-ն տարածի իր հաղորդագրությունը, որտեղ «կարող են լինել մեր հարցերը», առաջարկում ենք ինքնուրույն զբաղվել՝  «ՀՀ Օրենք ազգային անվտանգության մարմինների մասին».: 

Իսկ ոգևորված հասարակության ուշադրությանը  առանձնապես կուզեի հրավիրել այս մեկի վրա.

«Հոդված 7. Մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության  երաշխիքները

Ազգային անվտանգության մարմինների գործունեությունն իրականացնելիս երաշխավորվում է մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:

Մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների սահմանափակում չի թույլատրվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված դեպքերի:

Անձն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել ազգային անվտանգության մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ գործողությունները:

Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները և քաղաքացիներն ազգային անվտանգության մարմինների կողմից իրենց իրավունքների ու ազատությունների սահմանափակման դեպքում իրավունք ունեն Հայաստանի անրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացատրություններ և տեղեկություններ ստանալ ազգային անվտանգության մարմիններից:

Պետական մարմինները, կազմակերպությունները և քաղաքացիները, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունեն պահանջել ազգային անվտանգության մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված նյութականվնասի հատուցում»:


Ի դեպ՝ այս մասը շատ դուրս եկավ, ոչ միայն «արիստոկրատ» է, այլև շատ նախընտրելի՝ ցանկացած պարագայում ԱԱԾ-ն պետք է հետևի իր օրենքին.

«Ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում ստացված` քաղաքացու անձնական և ընտանեկան կյանքի մասին տեղեկություններն ազգային անվտանգության մարմինները, առանց քաղաքացու համաձայնության, իրավունք չունեն հավաքել, պահել, օգտագործել կամ տարածել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների խախտումներ թույլ տալու դեպքում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով»:


Այո, հիասթափեցնող են վերջին իրադարձությունները, թեև՝ ամենևին անսպասելի չեն: Սակայն անցածում արածի համար կա պատասխանատվության հնարավորությունը: Իսկ ապագայի համար՝  պատասխանատվության կանչը  ճիշտ ընթացակարգով անելու, որպեսզի հիասթափությունները չխորանան, կամ հասարակական պահանջը դատարանի գործառույթ չդառնա:

Մարդունը՝ մարդուն, դատարանինը՝ դատարանին:

Անահիտ Ոսկանյան (համառոտ հրապարակախոսություն)

Placeholder
Եթե ԱԱԾ-ն եկել է ձեր տուն…