Ռազմաարդյունաբերության ոլորտը բանակից վայրկյան առաջ պետք է դուրս բերել. Կարեն Վարդանյան
ՏՀՏ-ն Հայաստանում
15:33 28/06/2018
Հայաստան

Ռազմաարդյունաբերության ոլորտը բանակից վայրկյան առաջ պետք է դուրս բերել. Կարեն Վարդանյան

«ՏՏ ոլորտում անվտանգության խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ անգամ և հավերժ: Անվտանգությունը պրոդուկտ չէ, այլ անվերջ գործընթաց է»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՏՏ անվտանգության  փորձագետ Ռուբեն Մուրադյանը՝ անդրադառնալով պետական նշանակության մարմինների կայքէջերն ադրբեջանցի հաքերների կողմից ջարդելու պրակտիկային:

Նրա համոզմամբ, ինֆորմացիոն համակարգերը զարգանում են, նրանց զուգահեռ՝ զարգանում է նաև այդ համակարգերի խոցելիությունը:

«Մեր հակառակորդը փորձում է հասարակությանը հասանելի համակարգեր ջարդել, դա տրիվիալ մոտեցում է, և այդ փորձերը միշտ լինելու են»,-շեշտեց Ռուբեն Մուրադյանը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր հերթին նկատեց, որ մեզնից է կախված՝ ինչ թափ կհաղորդենք ՏՏ ոլորտի զարգացմանը,  կրթությանը և բիզնես կառավարմանը:

«Եթե մենք մեզ դիրքավորում ենք որպես խնդիր լուծող, ապա խնդիր լուծողը երբեք չի կորում՝ անգամ արհեստական ինտելեկտի՝ ոլորտ ներմուծման պարագայում»,- ասաց նա:

Անդրադառնալով ռազմաարդյունաբերության զարգացման թեմային՝ Կարեն Վարդանյանը նկատեց, որ այս ոլորտը բանակից վայրկյան առաջ պետք է դուրս բերել: Բանախոսը սրա առնչությամբ հիշեցրեց Ադրբեջանի փորձը՝ ընդգծելով, որ այդ երկրում ռազմաարդյունաբերությամբ առանձին նախարարություն է զբաղվում՝ իր կարգավիճակով ոչ ավելի թույլ, քան պաշտպանության նախարարությունը:

Ամփոփելով՝ Կարեն Վարդանյանը նկատեց, որ բանակում թեև «դուխը» շատ կարևոր է, սակայն հակառակարոդի բարձրտեխնոլոգիական մարտերին պետք է նույքան բարձրտեխնոլոգիական մարտեր հակարդրել: «Դուխը շատ կապ ունի, բայց մեր երեխաներին չպիտի ասենք՝ խրամատում դուխով եղեք, հեսա իսրայելական հրթիռը գալիս է, հետո մենք ձեզ դուխով կթաղենք: Հանրային այս մտայնությունը պետք է հանել: Դուխը լավ բան է, բայց զինատեսկաների առումով առնվազն հավասար կամ ավելի ուժեղ պետք է լինես»,- ամփոփեց բանախոսը: 

Placeholder
Ռազմաարդյունաբերության ոլորտը բանակից վայրկյան առաջ պետք է դուրս բերել. Կարեն Վարդանյան