Հայկական արտադրության համակարգիչների արտադրությունը  5%-ով աճել է
Տնտեսություն
19:26 04/07/2018
Հայաստան

Հայկական արտադրության համակարգիչների արտադրությունը 5%-ով աճել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի հունվար-մայիսին արտադրվել է  233 հատ համակարգիչ, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5%-ով:

Նշենք, որ 2017թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 222 համակարգիչ:

ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում այս տարվա հինգ ամիսներին արտադրվել է 224 հատ պլանշետ՝  2017-ի համեմատ աճելով 4.1 անգամ:

Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա, ըստ վիճակագրության, այս տարի հայկական հեռախոսներ չեն արտադրվել, իսկ 2017թ-ի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 230  բջջային հեռախոս:

Նշենք, որ հայկական հեռախոսների՝ «Արմֆոն»-ի (Armphone) վաճառքը սկսվել է 2016թ-ի  հունիսից:

Հիշեցնենք, որ գործադիրի այսօրվա  նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարության նիստերի դահլիճներում այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ:

Փաշինյանը կոչ է արել ՀՀ բոլոր քաղաքացիներին գնումներ անելիս նախապատվություն տալ հայկական արտադրությանը:

«Դա և՛ հաճելի է, և՛ շահավետ, և՛ մեծացնում է տեղական արտադրության ու արտադրողների հնարավորությունները»,- ասել է վարչապետը:

 

Placeholder
Հայկական արտադրության համակարգիչների արտադրությունը 5%-ով աճել է