Աղանդը, եկեղեցին,  օրենքն ու պետական անվտանգությունը
Հասարակություն
19:34 11/07/2018
Հայաստան

Աղանդը, եկեղեցին, օրենքն ու պետական անվտանգությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից օրվա ընթացքում չարձագանքեցին  վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի հայտարարությանը՝ իր «Կյանքի խոսք» աղանդի հետևորդ լինելու մասին: Տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Panorama.am-ի հետ զրույցում նկատեց. «Եթե իր դավանանքի հրապարակման մասին է հարցը, ապա մենք ապրում ենք ազատ, անկախ մի երկրում, ուր պետք է հարգվեն մարդու իրավունքները։ Դա էլ իր իրավունքն է, թե խղճի ու դավանանքի ազատության, թե խոսքի ազատության մասով»:

Հիշեցնենք, Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երբեք չի թաքցրել դա, ու իր էջն էլ չի պատրաստվում մաքրել իրենց հովիվ Արթուր Սիմոնյանի քարոզ պարունակող տեսանյութերը:

«Ես չեմ ամաչում, որ քրիստոնյա եմ` Քրիստոսի հետևորդ, իսկ այն, որ «Կյանքի Խոսք» եկեղեցին ճշմարտադավան է, կասկած չկա։ Այս թեման շատ արծածվելու կամ հասարակության համար հետաքրքրության առիթ հանդիսանալու դեպքում հատուկ live կանեմ։ Այս անգամ բավարարվենք այսքանով»,-գրել է նա:

Արձագանքները շատ էին ու ոչ միանման,  մի քանիսն առաջարկեցին՝ դուխով լինել, չնայած դրա պակաս կարծես  չէր էլ զգացվում, մի քանիսը ցանկություն  հայտնեցին, որ կառավարության բոլոր անդամները լինեն «Կյանքի խոսք»-ի անդամ, եղան իհարկե քննադատողներ, բայց նրանց հիշեցրեցին քաղաքացիների սահմանադրական իրավունքի ու տոլեռանդ լինելու անհրաժեշտության մասին:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանն էլ քննադատողներին առանձին իր էջում հիշեցրեց. «Կրոնական կողմնորոշումից ելնելով քաղաքացուն աղանդավոր պիտակելը ոչ միայն հակաիրավական է, այլ նաև՝ միջնադարյան խավարամտության վառ դրսևորում: Ի դեպ ձևակերպումն այդ նաև հակագիտական է:

Հայկական թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը սահմանադրական կարգը վերադարձրեց քաղաքացիներին: Եվ ուրեմն եկեք պահպանենք այդ նույն սահմանադրության բարձրագույն արժեքները, այս դեպքում՝ քաղաքացու խղճի և դավանանքի ազատության իրավունքը»:

Ի պատասխան այս ու այլ նման հայտարարութությունների, սոցկայքերի օգտատերերից մեկը գրել էր. «Ամեն ոք ազատ է իր դավանանքում, բայց Հայաստանի Հանրապետությունը Հայ Առաքելական եկեղեցուն է գերակայություն տալիս, իսկ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնողը իրավունք չունի մեր եկեղեցուն հակաքարոզ անելու, ում ուզում է թող դավանի, բայց չբարձրաձայնի»: Նման կարծիքներ էլի եղան, բայց «դուխով»-ներից քիչ:

Նրանցից մեկն էլ մասնավորապես  ընդգծում է. «Դուք հանդիսանում եք կառավարության աշխատանքի կրող, որոնց անդամներին նշանակել է ՀՀ ժողովուրդը և ի պաշտոնե իրավունք չունեք բարձրաձայնելու ձեր կրոնական և այլ կողմնորոշումներ առանց ձեր վերադասի թույլտվության (Կառավարության դեպքում՝ որպես գործատու աշխատակազմի ղեկավարը, ապա վարչապետ, և ապա ժողովուրդ՝ վերին աստիճանում) այն էլ աշխարհում նման քննարկման համար հարթակ չհանդիսացող սոցիալական ցանցում, դուք, լինելով ոչ էլ պաշտոնյա, քանի որ դուք գործավար եք, բայց վերածում եք շուկայի և դեռ ավելացնում, որ կարող եք մտնել LIVE, այսինքն ձեզ ո՞վ է տվել նման բարձր դիրք, որ կարող եք աշխատելով

Կառավարությունում մի հատ էլ կենդանի ռեժիմով ներկայացնել ձեր դավանանքը: Ո՞ՒՄ Է ԴԱ ՀԵՏԱՔՐՔԻՐ, բացատրեք, եթե որպես թիրախային ընտրազանգված եք հավաքում կյանքի խոսքի մարդկանց, դա ուրիշ է, բայց դուք Ժողովրդի հարկերից աշխատավարձ ստանալով նման իրավունքից ex oficio և ab origine զուրկ եք, չունեք իրավասություն, դուք ՔԱՐՏՈՒՂԱՐ եք, հասկանում ե՞ք: Սա կրոնի կամ աղանդի հարց չէ, հետաքրիքր չէ թե ձեր կրոնը, թե ձեր դավանանքը և թե ձեր անձը, սակայն պաշտոնի անձնագիր ունեք ու էթիկայի խախտում է ձեր դիրքորոշումը ներկայացնելը, այլ դա քարոզ է, իսկ կառավարության մակարդակով քարոզը պետական անվտանգության խնդիր է»:

ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն էլ, անդրադառնալով խնդրին, նախապատվությունը տվեց հարցի օրենսդրորեն կարգավորմանը.  «Եկեք նույն եռանդով, որով հակաաղանդավորական ստատուսներ ենք գրում, աշխատենք համարժեք օրենք ընդունելու համար:Աղանդների դեմ պայքարը հուզական լինել չի կարող: Իրականում անհրաժեշտ և օրհասական են օրենսդրական փոփոխություններ:Օրինակ, պետք է վերջապես սահմանել, ինչ է հոգեորսությունը, որ կրոնական կազմակերպությունների գործունեությունը պետք է արգելել Հայաստանում և այլն։Ժամանակին իմ հեղինակած օրինագծում առաջարկել էի միջազգային փորձի հիման վրա համապատասխան ձևակերպումներ»:

Ավելի ուշ Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, իրավաբան՝ Գևորգ Դանիելյանը նկատեց.«Աղանդավորությունը վատ բան չի, եթե հաջողությամբ ներդրվի Թուրքիայում և Ադրբեջանում` թեկուզև ֆինանսական մեծ ծախսերի հաշվին»:

Placeholder
Աղանդը, եկեղեցին, օրենքն ու պետական անվտանգությունը