Արձանաշինություն Հրապարակում
Մշակույթ
17:54 27/08/2018

Արձանաշինություն Հրապարակում

Հայաստանի ազգային պատկերասրահի և պատմության թանգարանի մուտքին արձաններ տեղադրելու դիմում է ներկայացվել մշակույթի նախարարություն, որին գիտամեթոդական  նիստը պաշտոնական եզրակացություն և արձանագրություն չի  տվել, բայց սկզբունքորեն չի առարկել։ Նախարար Լիլիթ Մակունցն ասում է, որ նախքան հանրապետական նշանակության հուշարձանների տեղադրումը պետք է  լինեն հանրային քննարկումներ։ Նախագծի հեղինակը քանդակագործ Տիգրան Արզումանյանն է։

Նշվում է, որ թանագարանի ճարտարապետներ Մարկ Գրիգորյանի և Ա. Ղազարյանի էսքիզային նախագծով այդ հատվածում նախատեսվում էր արձաններ, որոնց պատվանդանները կառուցվել են, բայց արձանները այդպես էլ չեն տեղադրվել։ Սակայն այդ ժամանակների համեմատ, Հանրապետության հրապարակն այսօր շատ է «փոխվել», կողքի բարձրահարկերը կարծես գալիս-լցվում են հրապարակի վրա, իսկ այդ արձանները արդյո՞ք էլ ավելի չեն «խեղդի» հրապարակը։

Այս հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց ճարտարապետների հետ։ 

Ճարտարապետ Նունե Թումանյանը դեմ է Հանրապետության հրապարակում առհասարակ որևէ փոփոխությանը։

«Հանրապետության հրապարակը ավարտուն արժեք է իր շինություններով և շատրվաններով։ Որևէ բան ավելացնելու իմաստը չեմ հասկանում։ Եթե մտադրություն կա, այլ բան տեղադրելու, ունենք շատ ազատ տարածքներ, քաղաքի կենտրոնից դուրս, ուր կարելի է իրականացնել «երազներ»-ը։ Եվ երկրորդ հանգամանքը, որի հետ համամիտ չեմ, առանց մրցույթի և հանրային քննարկման հուշարձանների տեղադրումն է։ Իսկ մրցույթի մասին քանդակագործը պիտի տեղյակ լինի առնվազն մեկ տարի շուտ։ Դա միայն տեխնիկական խնդիր չէ։ Պետք է լավ ծանոթանալ առաջարկված կերպարին, նրա գործունեությանը և ինչպես դերասանները՝ ներսով զգալ կերպարը, նույնանալ նրա հետ։ Հակառակ դեպքում ստացվում է այն, ինչ ստացվում է։ Դա տեսնում ենք վերջին տարիներին տեղադրված, սուտի հուշարձանների օրինակից։

Հրապարակում ոչինչ պետք չի տեղադրել, այլևս։ Կտուժեն երկուսն էլ՝ և հրապարակը և տեղադրվող արձանները։ Վերջինները ուղղակի կկորեն, չեն երևա»,- ասաց Նունե Թումանյանը։

Ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ Արտակ Ղուլյանը Հանրապետության հրապարակի հետ կապված այլ խնդրի վրա է ցանկանում հանրության ուշադրությունը սևեռել. «Պատկերասրահի հետևում հսկայական շենք են սարքում, պատկերասրահի գմբեթի հետևից արդեն երևում են շենքի ականջները։ Այն խանգարում է հրապարակի համայնապատկերին։
Հրապարակի՝ որպես համալիր-հուշարձանի ամենամեծ ցավը շրջակա կառուցապատումն է։ Կատաստրոֆիկ վիճակ է, պետք է դրա մասին մտածել։ Այն, ինչ հիմա կատարվում է, անուղղելի սխալ է։

Շատ ավելի մեծ սխալ է, քան արձանները, որոնք ուզում են դնել, որոնք նախագծում եղել են։ Այդ արձանները, եթե լավը չլինեն, վերջապես կարելի է հանել»։

Ա. Ղուլյանը նաև նշեց, որ  պետք է անհանգստացնի շենքի այսօրվա վիճակը, որն աղավաղված է. «Կամարաշարը սեփականաշնորհվել է, թե ինչ է արվել, ապակիներ են դրվել, պաստառներ են դրվել։ Այն դադարել է բացօթյա կամարասրահ լինելուց, այն դադարել է հրապարակի մի մասը լինելուց, այն մարդկանց չի ծառայում որպես ծածկված՝ անձրևից ու արևից պաշտպանված զբոսավայր: Խաթարված է շենքի ամբողջականությունը, նախնական հորինվածքը, արտաքին ճակատների արտահայտչականությունը»։

Ինչ վերաբերում է արձաններին, նա նշեց, որ առաջարկել է քանդակագործին գիպսե տարբերակները տեղադրել, մնա մեկ ամիս, եթե հանրությունը չհավանի՝  հանեն։

Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը նախքան քանդակների մասին խոսելը, կրկին նշեց Հանրապետության հրապարակի շուրջ բարձրացվող բարձրահարկ շենքերի մասին,  ասաց, որ մշտապես քննարկումների թեմա է եղել՝ չպետք է լինեն այդ շենքերը, հրապարակից չպետք է երևան, չխեղդեն հրապարակը։

«Դա շատ ավելի վտանգավոր է հրապարակի համար։ Սակայն այդպես է ստացվել, որ հարևան շենքերը բավական ագրեսիվ  կերպով մտել են Հրապարակի տարածք»,- ասաց նա։

Երևանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը նույնպես նշեց, որ Հանրապետության հրապարակի ընդհանուր տեսքը վերջին տարիներին խաթարվել է, բայց նաև կարծում է, որ այդ արձանները կհարստացնեն հրապարակը, այն մասը, որտեղ  նախատեսվում է տեղադրել, Հրապարակի ամենաթույլ կետն է։ Նա նշեց որ արձանների տեղադրմամբ, Հրապարակի այդ հատվածի «շուկայական միջավայրը» (նկատի ունի՝ գովազդային պաստառները) կվերանա։

Նրա խոսքով, անգամ 1970-ականներին մրցույթ է եղել։

«Խորհրդային ժամանակ դա չիրականացվեց, որովհետև քաղաքական որոշակի պարտադրանք կար․ դիմացը Լենինի արձանն էր, բոլորը հակված էին ազգային կերպարներ տեղադրելուն, որոնք լրացնեն մեր պատմության թանգարանը։ Դրա համար այդ ժամանակ, որպեսզի քաղաքական կոնֆլիկտ չլինի, այդ հարցը դուրս մնաց»,- նշեց նկարիչը։

Լուսանկարները՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանի ֆեյսբուքյան էջից։


 

Placeholder
Արձանաշինություն Հրապարակում