Կարևորն այն է, որ չգռփեն, մինչև վերջ տրվեն իրենց գործին. Նիկոլայ Ծատուրյանը՝ Երևանի ապագա ավագանու մասին
Քաղաքական
13:43 27/08/2018
Հայաստան

Կարևորն այն է, որ չգռփեն, մինչև վերջ տրվեն իրենց գործին. Նիկոլայ Ծատուրյանը՝ Երևանի ապագա ավագանու մասին

«Որպես Երևանի քաղաքապետի թեկնածուի՝ ես կողմնակից եմ մեր Հայկին: Բոլորն ասում են՝ նա դերասան է: Նա նախ դերասան չէ: Ռեյգանն էլ էր դերասան: Հայկը մի շարք դեպքերում ապացուցել է, որ որպես քաղաքացի զգոն է: Ես միշտ կողմնակից եմ երիտասարդներին, նրանց շունչն ու ավյունն ուրիշ են: Ժամանակ է պետք: Միաժամանակ, Երևանի քաղաքապետի մյուս թեկնածուների դեմ ոչինչ չունեմ, կարևորն այն է, որ չգռփեն, մինչև վերջ տրվեն իրենց գործին»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը:

Նրա խոսքով, այս կամ այն թեկնածուին ընտրելուց հետո, սակայն, երևանցին հանկարծ չտեսնի,որ այդ մարդը պալատներ է կառուցում, քանի որ նա, ով անընդգհատ յուրացնում է, իր հայրենիքը չի սիրում:

Մշակութային գործիչն անդրադաձավ նաև Հայաստանի Հանրապետության պետական օրհներգին:

«Մեր հիմնը շատ վատն է, այնքան խեղճ է: ՀՀ հիմնը պետք է լինի Արամ Խաչատրյանի հեղինակած ստեղծագործությունը, քանի որ այն  հզորության արժանապատվության զգացողություն է տալիս»,- Նիկոլայ Ծատուրյանը:

Ասուլիսին ներկա հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն իր հերթին նշեց, որ երևանցիներն այսօր Երևանն ուզում են տեսնել որպես համայն հայության, աշխարհակալ ժողովրդի մայրաքաղաք: «Ով էլ ընտրվի քաղաքապետ, բարով գա, բայց թող իր դեմ մեծ նպատակներ դնի: Երևանին պակասում է մի քիչ Փարիզ, բայց Փարիզին՝ մի ամբողջ Երևան: Լինելով 2800 տարեկան՝ Երևանը զարմանալիորեն երիտասարդ քաղաք է: Սա կատակ բան չէ, աշխարհում քիչ քաղաքներ կան, որ 2800 տարեկան են»,- ասաց բանախոսը:

Հրապարակախոսը շեշտեց՝ նոր Երևանում պետք է թագավորի հայոց այբուբենը, այլապես ամեն քայլափոխի օտար անուններ են՝ լատինատառ գրություններով: «Ինչ՞ւ ենք մենք ատում մեր այբուբենը»,- հռետորական  հարց հնեցրեց Մերուժան Տեր-Գուլանյանը:

Անդրադառնալով Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին՝ հրապարակախոսը նշեց, որ եթե իր կարիքը զգացվի, պատրաստ է ամեն հարցում աջակցել վեջինիս:

Ինչ վերաբերում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցին, հրապարակախոսը շեշտեց՝ շատ լավ էր մտածված հատկապես Հյուսիսային պողոտայով երեկոյան զբոսանքը:

Placeholder
Կարևորն այն է, որ չգռփեն, մինչև վերջ տրվեն իրենց գործին. Նիկոլայ Ծատուրյանը՝ Երևանի ապագա ավագանու մասին