Արտյոմ Մխոյան. Քրեակատարողական հիմնարկում  արտոնյալ կալանավորված անձինք չպետք է լինեն
Իրավունք
20:38 07/09/2018
Հայաստան

Արտյոմ Մխոյան. Քրեակատարողական հիմնարկում արտոնյալ կալանավորված անձինք չպետք է լինեն

ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակազմին ներկայացրեց հիմնարկի նորանշանակ պետ, արդարադատության գնդապետ Վազգեն Առաքելյանին:

«Հիմնարկում արտոնյալ կալանավորված անձինք, դատապարտյալներ և աշխատողներ չպետք է լինեն, և այս գաղափարը պետք է արմատավորվի յուրաքանչյուրի մտածելակերպում և գործելաձևում»,-ասել է Մխոյանը։

ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, միաժամանակ ծառայության պետը ներկաների ուշադրությունը հրավիրել է համակարգի առջև ծառացած մի շարք խնդիրների վրա, մասնավորապես կարևորել է  կոռուպցիայի դեմ պայքարը՝ մատնանշելով, որ այդ քայքայիչ երևույթը նախկինում լուրջ վնաս է հասցրել երկրի տնտեսությանը: Ծառայության պետն ընդգծել է ենթակաների հետ անհատական աշխատանքների կարևորությունը, զգուշացրել է, որ մշտապես հսկելու է ներկայացված պահանջների կատարման ընթացքը:

«Ես ցանկանում եմ և ձգտում եմ, որ մեր համակարգը մինչև վերջ վերափոխվի, վայելի պետության և հասարակության վստահությունը, և չնայած դրական տեղաշարժերին՝ առայժմ անելիքները շատ են: Համոզված եմ, որ ձեր օգնությամբ պարոն Առաքելյանն ամեն ինչ կանի, որպեսզի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը համակարգում լինի առաջիններից»,-ասել է նա։

Պատասխան խոսքում ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Վ. Առաքելյանը շնորհակալություն հայտնեց պաշտոն վստահելու համար և հավաստիացրեց, որ անձնակազմի հետ համատեղ ջանք ու եռանդ չեն խնայի՝ հիմնարկի առջև դրված խնդիրներն իրագործելու, առկա թերությունները վերացնելու և առաջընթացն ապահովելու համար:

Placeholder
Արտյոմ Մխոյան. Քրեակատարողական հիմնարկում արտոնյալ կալանավորված անձինք չպետք է լինեն