Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առաջարկվում է «911», «112», «102» և «103» կանչերի դեպքում ներդնել տեղորոշման համակարգ
Խորհրդարանն այսօր քննարկում է ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զկուցող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2011 թվականից գործող «911» ծառայությունը սպասարկել է 6 միլիոնից ավելի զանգ:
«Շատ են լինում դեպքեր, երբ ահազանգողն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ոչ միայն ճշգրիտ, այլև մոտավորապես տրամադրել դեպքի վայրի մասին տեղեկատվություն: Նման իրավիճակներում զգալի ուշանում է արձագանքումն ու անհետաձգելի օգնության ցուցաբերումը, առաջանում է լրացուցիչ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն: Հաշվի առնելով նման իրավիճակը, կարևորելով մարդու կյանքի և առողջության առաջնայնությունը՝ նախագծով նախատեսվում է դեպի արտակարգ պատահարների արագ արձագանքման ծառայության՝ «911»,«112», «102» և «103» կատարվող կանչերի դեպքում ներդնել տեղորոշման համակարգ»,- ներկայացրեց փոխնախարարը։
Նախագծով առաջարկվում է օպերատորին կամ ծառայություն մատուցողին իրավունք վերապահել՝ բացահայտելու իր հաճախորդի կողմից կատարվող վայրի ծառայությունը, հաճախորդի տեղորոշումը և հաճախորդի անձնական տվյալները:
«Ներդրումը հանդիսանում է կարևորագույն գործընթաց, որի շնորհիվ զգալի կնվազի օգնության ցուցաբերման ժամանակահատվածը, կիրականացվի թիրախային արձագանքում, կկանխվի ավելորդ ուժերի վատնումը»,- ասաց Արշակյանը։
Ելույթի հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մտահոգություն հայտնեց, որ գուցե այդպիսով անձնական տվյալների խախտում լինի. «Կխնդրեի կառավարության մեր գործընկերներն այդ հարցի վերաբերյալ ավելի հանգամանալից ուսումնասիրություն կատարեն»
Փոխնախարարն արձագանքեց, որ օրենքին համապատասխան պետք է կարգ սահմանվի, ըստ որի՝ պետք է հստակ ժամանակամիջոց սահմանվի մարդու գտնվելու վայրի և դրա փոխանցման հետ կապված։