Խոսրովի անտառ՝  ինքնաբուժում
Հասարակություն
12:32 19/09/2018
Հայաստան

Խոսրովի անտառ՝ ինքնաբուժում

Անցած տարվա օգոստոսին վեց օր շարունակ հրշեջ-փրկարարները, զինծառայողները,  անտառտնտեսության աշխատակիցները, սովորական քաղաքացիները փորձում էին մարել Խոսրովի անտառ արգելոցում բռնկված հրդեհը։ Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Ռուսաստանից Երևան էր ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ։ Օգոստոսի 16-ի հայտարարվել էր, որ Խոսրովի արգելոցում հրդեհի հիմնական օջախները մարված են, հրդեհը մեկուսացված է, վերցված է վերահսկողության տակ։

Հրդեհի մարումից հետո հիմնական  հարցադրումներն էին՝  ինչքանո՞վ է վնասվել բուսական և կենդանական աշխարհը, արդյո՞ք հնարավոր է վերականգնել կորցրածը։ Նախնական տվյալների համաձայն, արգելոցում հրդեհի հետևանքով տուժել էին հիմնականում չթռչող միջատները, սողուններն ու կրծողները, քանի որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ այլ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից։ Բուսական աշխարհից հիմնականում վնասվել էր գիհի ծառատեսակը։

Panorama.am-ը ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանից հետաքրքրվեց, թե մեկ տարի անց ի՞նչ վիճակում է Խոսրովի անտառ արգելոցի այրված  հատվածը, վերականգնման գործընթացը ո՞ր փուլում է։

Արամ Աղասյանն ասաց, որ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով արգելվում է  արգելոցում որևէ միջամտություն, որոնք կապված են բույսերի կամ կենդանիների  թվաքանակի  ավելացման կամ պակասեցման հետ, այսինքն մարդու միջամտությունն այդ ոլորտում ընդհանրապես արգելվում է։

«Հրդեհի ընդհանուր շրջագիծը 2000 հեկտարի չափ էր, բայց քանի որ դրա մեջ կային առանձին կղզյակներ, ընդհանրապես չայրված,  խիստ այրված տարածքը մոտ 200 հեկտար էր, որը հիմնականում խոտածածկ էր։ Քամու շնորհիվ այնքան արագ էր անցել հրդեհը, որ արմատային համակարգը չէր վնասվել։ Այսինքն՝ կենսաբազմանության տեսանկյունից կարուստներ չէինք ունեցել»,- նշեց նա՝ հավելելով, որ հիմնականում վնասվել էին հատուկենտ գիհիներ, քանի որ գիհին շատ արագ է  այրվում։

Լայնատերև անտառների մեծ մասը չէին վնասվել, միայն որոշակի ճյուղեր էին այրվել, բայց աճը չէր դադարել,  նույն ծառը նորից աճում է։

«Այրված հատվածն ամբողջությամբ վերականգնվել է, բացառությամբ՝ գիհու առանձին ծառերից։ Գիհին դանդաղ աճող ծառ է։ 1970-ականից այրված տարածք ունենք, 20-30 տարում 1 մետրի չափ են բարձրացել բնական վերաճի հետևանքով»,- ասաց Ա. Աղասյանը։

Ինչ վերաբերում է կենդանական աշխարհին, նա նշեց, որ այդ օրերին 500 մարդ էր աշխատում, որևէ վառված կենդանու դիակ չեն նկատել։

«Միայն վնասվել էին ուղղաթևերը՝ մորեխները։ Ուժեղ շոգ ժամանակահատվածում շատ սողուններ, կրծողներ անցնում են ամառային քուն խորը բների մեջ։ Հրդեհից հետո մոխրի մեջ տեսնում էինք վազող կենդանիներ, սողուներ, կրծողների թարմ բներ, ինչը նշանակում է, որ կենդանիները չէին վնասվել»,- ասաց նա։

Հարցին, թե հրդեհից հետո տարբեր անհատներ, հիմնականում արտասահմանից հայտարարեցին, որ  գումարներ կնվիրաբերեն անտառի վերականգնման համար, ընդհանուր որքա՞ն գումար է նվիրաբերվել և ի՞նչ է արվել, Ա. Աղասյանը նախ ընդգծեց, որ անտառի վերականգնման համար որևէ գումար անհրաժեշտ չէ, ապա հավելեց, որ նույնիսկ հիմնադրամ էր բացվել, բայց որևէ գումար չէր փոխանցվել։

«Մարդկանց մոտ տպավորություն է, որ անտառի վերականգնման  համար միջամտություն է պետք, ծառեր են տնկվելու։ Նման բան գոյություն չունի։ Ընդամենը խոսքը վերաբերում է բնական վերաճն ապահովելուն, այսինքն՝ այն հատվածները, որտեղ ծառեր են ընկել, ճյուղեր են կոտրվել, այդ թափուկները հավաքվում է մի անկյունի վրա, որպեսզի բնական վերաճի արդյունքում սերմը նորից աճի։ Մենք աջակցում ենք բնական վերականգնման պրոցեսին»,- բացատրեց նա։

Ա. Աղասյանի խոսքով, գումար է անհրաժեշտ գիտական հետազոտությունների, մոնիտորինգի, հակահրդեհային միջոցառումների համար։

2017 թվականին պետական բյուջեից Խոսրովի անտառ արգելոցին տրվել էր մոտ 117 միլիոն դրամ, իսկ 2018-ին՝ 127 միլիոն դրամ։

Placeholder
Խոսրովի անտառ՝ ինքնաբուժում