Սոցիալական խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում
Հասարակություն
17:57 19/09/2018
Հայաստան

Սոցիալական խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում

Պոլիկլինիկաների վերանորոգում և վերազինում, բուժծառայությունների որակի բարձրացում,  բնակֆոնդի արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրում  և այլն: Սրանք այն կետերն են, որոնք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում կան:

«Հոդված 3» ակումբում «Սոցիալական և առողջապահական խնդիրները Երևանում» թեմայով քննարկման ժամանակ Երևանի ավագանու «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Դավիթ Գրիգորյանը, ներկայացնելով  իրենց նախընտրական ծրագրի սոցիալական ոլորտին վերաբերող որոշ դրույթներ, նշեց, որ առաջիկա տարիներին պետք է խթանել սոցիալական շինարարությունը, ամեն ինչ անել, որպեսզի պակաս եկամուտ ունեցող ընտանիքները կարողանան նվազագույն տոկոսադրույքներով հիպոթեքային վարկեր ստանալ առևտրային բանկերից՝ քաղաքապետարանի իրականացրած սոցիալական շինարարության ծրագրերից օգտվելու համար:

Բացի այդ, ըստ նրա, պետք է դասակարգել սոցիալապես խոցելի խմբերին և  քաղաքապետարանի միջոցներից նրանց ապահովել սեփական տանիքով:

«Անապահովները կարող են իրենք իսկ մասնակցություն ունենալ այդ տների կառուցմանը»,- ասաց Դավիթ Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է առողջապահությանը, նա նշեց, որ առաջին հերթին պետք է պոլիկլինիկաները հագեցնել սարքավորումներով: «Հետազոտությունները պատշաճ մակարդակի պետք է կատարվեն հենց առաջնային օղակում: Եթե կարողանանք առաջնային օղակում ճիշտ ախտորոշել հիվանդությունը և ժամանակին կանխել հիվանդությունը, ապա դա պետության վրա ավելի էժան կնստի: Մարդիկ պետք է վստահեն պոլիկլինիկաներին»,- նշեց Դավիթ Գրիգորյանը:

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի թեկնածու Թեհմինա Վարդանյանը նշեց, որ իրենց ծրագրի յուրաքանչյուր կետ միտված է սոցիալական խնդիրների լուծմանը:

Մասնավորապես, անդրադառնալով 3-րդ և 4-րդ կարգի վթարայնության  շենքերին, նշեց, որ օր առաջ պետք է այս շենքերի բնակիչների խնդիրներին լուծում տալ:

«Օրինակ, Արցախի փողոցում կա երեք վթարային շենք, որոնք փլուզման եզրին են:  Դա վտանգավոր է բնակիչների համար և պետք է նրանց վերաբնակեցման հարցը լուծել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է առողջապահությանը, Թեհմինա Վարդանյանը նշեց, որ իրենց համար ևս առաջնահերթը պոլիկլինիկաներն են: «Մենք 1,5 տարի զբաղվել ենք պոլիկլինիկաների հարցով: Օրինակ, Նոր Արեշի պոլիկլինիկայի լաբորատորիայում սարսափելի պայմաններ էին, և դա այն դեպքում, երբ տնօրենի աշխատասենյակը վերանորոգված և կահավորված էր վերջին մոդայի տեխնիկայով և կահույքով»,- ընդգծեց նա: 

Նրա խոսքով՝ խնդիրը պոլիկլինիկաների ոչ ճիշտ կառավարումն է: Այս ոլորտն, ըստ նրա,  բարձիթողի վիճակում է եղել և քաղաքապետարանի կողմից պատշաճ վերահսկողություն չի իրականացվել, ինչը բերել է կոռուպցիոն դրսևորումների. «Այս ոլորտը կարիք ունի արդյունավետ կառավարման, որի արդյունքում նախ կկրճատվեն ավելորդ հաստիքները, կբարձրանան պոլիկլինիկաների բժիշկների աշխատավարձերը»:

Նա նույնպես նշեց, որ պոլիկլինիկաների հանդեպ վստահություն չկա, դրա համար, ով   հնարավորություն ունի վճարել, պոլիկլինիկա չի գնում: «Մենք այդ խնդրի լուծումը պատկերացնում ենք պոլիկլինիկաների վերանորոգումով, պատշաճ բուժսպասարկումով և տեխնիկական վերազինումով»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի թեկնածու  Սերգեյ Սարգսյանն էլ նկատեց, որ սոցիալական խնդիրների լուծմանը պետք է հասնեն Երևանում գործող սոցիալական, կրթական և առողջապահական կառույցների համագործակցության շնորհիվ:

Առողջապահության ոլորտում էլ, ըստ նրա, բոլոր ծրագրերը պետք է համալիր բնույթ կրեն. «Միայն պոլիկլինիկայի վերանորոգումով հարցը չի լուծվելու, պետք է համալիր լուծում տալ խնդիրներին»: 

«Երկիր Ծիրանի» կուսակցությունից Մարիամ Խաչատրյանն ասաց, որ բոլոր բնագավառներում կարևոր է արդյունավետ կառավարումը: Ըստ նրա՝  իրենց կուսակցությունն առավել մեծ ուշադրություն է դարձնելու սոցիալական ոլորտին: «Հատկապես կարևորում ենք սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը: Մասնավորապես, նախատեսում ենք քաղաքային միջոցների հաշվին սոցիալապես անապահով շերտերին, անօթևաններին ժամանակավոր բնակելի կացարաններ տրամադրել,- ասաց նա:

Placeholder
Սոցիալական խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում