Թույլ չտալ որպեսզի ավտոբուսներով, ԳԱԶելներով ընտրողների բերեն ընտրատեղամասեր. Օսիպյան
Իրավունք
16:23 22/09/2018
Հայաստան

Թույլ չտալ որպեսզի ավտոբուսներով, ԳԱԶելներով ընտրողների բերեն ընտրատեղամասեր. Օսիպյան

Երևան քաղաքի ավագանու ընտրություններից առաջ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին տվել է վերջին ցուցումները ընտրական տեղամասերում ծառայության նշանակված վերակարգերի վերաբերյալ:

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Օսիպյանը նշել է, որ դրական է գնահատում նախնտրական փուլում կատարված աշխատանքը:

«Եթե նախկինում քարոզարշավների ժամանակ, շտաբների մոտ, լինում էին ծեծկռտուքներ, կրակոցներ, ապա այս տարի նման դեպքեր չեն արձանագրվել, և դա խոսում է ոստիկանության պատշաճ ծառայության մասին»,- ասել է ոստիկանության պետը:

Ոստիկանապետը հիշեցրել է, որ արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, մեքենաների կուտակումը, և նման դրսևորումները պետք է բացառել, անկախ նրանից, թե ովքեր են այդ մարդիկ, ինչ պաշտոն կամ կուսակցական պատկանելություն ունեն: Նա ընդգծել է, որ պետք է լինել հետևողական և թույլ չտալ որպեսզի ավտոբուսներով, ԳԱԶելներով կամ այլ փոխադրամիջոցներով ընտրողների բերեն ընտրատեղամասեր և ուղղորդեն, թե ում է պետք ընտրել:

Վալերիյ Օսիպյանը հստակ և վճռական դիրքորոշում է հայտնել, որ չպետք է հանդուրժել ընտակաշառքի կամ ընտրական կեղծարարության որևէ դրսևորում։ Պահանջել է զգոն լինել նմանօրինակ դրսևորումների չեզոքացման նպատակով և ընդծել, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները իրենց վերադասների հետ կպատժվեն խստագույնս։

«Հարկավոր է լինել, սկզբունքային, խիստ: Օրենքի առաջ բոլորն են հավասար»,- ասել է ոստիկանության պետը:

Placeholder
Թույլ չտալ որպեսզի ավտոբուսներով, ԳԱԶելներով ընտրողների բերեն ընտրատեղամասեր. Օսիպյան