Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խորհուրդ նորընտիր քաղաքապետին՝ քանի չի արել իր խոստացած առաջին քայլը
Երբ Երևանի քաղաքապետի թեկնածուներին հարցեր էին տալիս ընտրության օրը, Հայկ Մարությանը խոստացավ լուծել աղբահանության հարցը, քանի որ «12 օր շրջելուց հետո, ես հասկացա, որ դա է ամենալուրջ խնդիրն այսօր»։
Զարմանալի զուգադիպությամբ՝ ընդամենը երկու օր առաջ «Սանիթեքն» էլ նման մի խոստում տվեց. «Վստահեցնում ենք, որ տեխնիկական վերազինման շնորհիվ, շուտով կվերանան այն բոլոր խնդիրները ու քննարկման թեմաները, որոնք վերջին ամիսներին առաջացել են»։
Ընդ որում՝ առանց այն էլ պաշտոնյաները երդում են կերել, որ Ֆրանկոֆոնիայի օրերի պատվին Երևանը մաքուր կլինի։
Ուստի, որպեսզի մի ամբողջ ընկերություն ու մի նոր քաղաքապետ նույն գործով չզբաղվեն, թերևս կարող եմ մի քանի օգտակար խորհուրդներ տալ։
Ի դեպ, նկատեք՝ ու ոչ ոք չի կարող ինձ ասել, թե՝ Հայկ Մարությանն է քաղաքապետը, ինքն ավելի լավ գիտի։
Համոզված եմ՝ նախ ավագանին պիտի հաշվի իր բյուջեն, ընթացիկ գործերը, ու թե որտեղից կարելի է տնտեսել, ու գումարները որ՝ ավելի նպատակահարմար տեղերը տանել։
2. Մշակույթի նախարարության հետ ճշտել համատեղ ծրագրերը՝ թե չէ մշակութի նախարարությունը հուշարձանների պահպանման ցուցակ շենքեր է մտցնում, բայց դրանք պահպանելու ուժ չունի։
3. Հանել բոլոր բուկլետ, գրքույկ, ծաղիկ, փուչիկ... միջոցառումները՝ ինչպես տեսնում եք՝ ՀՀ բնակիչները քայլելով էլ երջանիկ են, ուստի՝ ավել ծախսեր պետք չեն։
4. Վեր հանել բոլոր պայմանագրերը, այդ թվում՝ «Սանիթեքի» հետ, դերերի բաշխումը հստակեցնել՝ ով է զբաղվում աղբահանությամբ, ով է վերահսկում։ Քննարկել աղբի տեսակավորման հարցը, այդպիսով՝ աղբի վերամշակման հարցերը ևս օրակարգային դարձնել։
5. Վերջապես ընդունել, կամ չընդունել, կամ նորից գրել Համատիրությունների մասին օրենքը. Թե չէ ևս մի -երկու տարի, ու կարելի է այս նախագիծը դպրոց՝ առաջին դասարան ուղարկել (Համատիրությունների խնդիրը մնում է)։
6. Երևանի շենքերի արտաքին ձևավորման և գովազդային վահանակների հարցը՝ նայելու շենք չի մնացել, շնչելու օդ չկա։
7. Կուզեի այս՝ խորհրդավոր թվի տակ ամենախոհուն խորհուրդը գրել։ Դրա համար էլ խոստանում եմ՝ սրանք արեք, էլի խնդիրներ կասեմ։ Ուշադիր մնացեք իմ գրառումներին։
8. Ջրատարների հարցը լուծեք՝ սպասվում են անձրևներ ու էլի փողոցները կհեղեղվեն։
9. Փոշու հարցը՝ անցեք խիտ կանաչապատման՝ դեկորատիվ էտեր, մոլոր մի-երկու ռոմանտիկ ծառ... մեզ պետք չեն՝ քաղաքը անապատանում է, հիվանդությունները՝ սրվում։
10. Վերանայեք Ձեր իմիջը՝ չեմ ասում կեղծ կերպարի անցեք, բայց «պապայական» վստահելի տեսքը թերևս ավելի ցանկալի է։
11. Մտածեք՝ ինչու Երևանի կեսը նույնիսկ չգնաց ընտրությունների։ Լսեք նրանց ևս։
Երևանցի՝ Անահիտ Ոսկանյան