Կամ սաբոտաժ է իրավունքի դեմ, կամ չեն ցանկանում. Փաստաբան
Իրավունք
17:25 28/09/2018
Հայաստան

Կամ սաբոտաժ է իրավունքի դեմ, կամ չեն ցանկանում. Փաստաբան

Հատուկ քննչական ծառայության որոշմամբ, Սարի թաղում 2016 թվականին տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործը կասեցվել է։ Քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է, որ բողոքարկելու  է ՀՔԾ որոշումն, իսկ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ՀԾՔ որոշման հիմնավորվածությունը պարզելու, օրինականությունը ստուգելու և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցով:

Panorama.am-ը հետաքրքրվեց փաստաբան Արայիկ Պապիկյանից, թե ո՞րն է տրամաբանությունը, որ խաղաղ բնակչության դեմ ոստիկանության ու քաղաքացիական հագուստով ոստիկանների բռնարարքներն անուշադրության են մատնում նոր Հայաստանը, ո՞րն է պատճառը։

«Պատճառները երկուսը կարող են լինել, առաջին՝ ուզում են ցույց տալ, որ իրենք  չունեն բավարար ունակություններ ակնհայտ գործը  բացահայտելու համար։ Ակնհայտ այն առումով, որ ապացուցողական նշանակության այնքան հարուստ նյութ կա համացանցում, կան նաև ականատեսներ, նկարներ, տուժողներ, իսկ երբ նման պայմաններում կասեցվում է, խոսում է անճար լինելու մասին։ 

Երկրորդ՝ գուցե այս պահին այնքան շատ են քաղաքականացվել, որ չեն կարողանում կողմնորոշվել՝ նախկին հանցավոր  ռեժիմի կամակատարներին ի վերջո պետք է պատժեն, թե ոչ»,- ասաց Ա. Պապիկյանը՝ ընդգծելով, որ որպես իրավաբան, ՀՀ քաղաքացի, գտնում է, որ անթույլատրելի էր նման դիրքորոշումը։

«Չեմ  հավատում, որ ՀՔԾ-ն չունի բավարար փաստ կամ ապացույց։ Ամեն ինչ շատ պարզ ու  հասկանալի է։ Կամ սաբոտաժ է իրավունքի դեմ, կամ չեն ցանկանում։

Կամ պետք է հայտարարեն, որ չեն ցանկանում քննել այդ գործը, կամ հայտարարեն, որ իրականում գիտեն՝ ովքեր են հանցագործները, բոլորն են տեսել, և դեռևս նրանք հովանավորվում են կամ հին ռեժիմի կողմից, կամ չգիտեմ...

Համենայնդեպս, իմ կարծիքով,  այդ որոշումն իրավունքի հետ ոչ մի առնչություն չունի»,- նշեց փաստաբանը։

Ա. Պապիկյանի խոսքով, նույն օրերին տեղի ունեցած դեպքերով ժամերի ընթացքում մոտավորապես 70 մարդ մեղադրյալի կարգավիճակ է ձեռք բերել, այսինքն այն անձանց, ում  պետք է մեղադրանք առաջադրվեր, ժամերի ընթացքում նրանց կարողացան գտնել։

«Նրանց մեղադրանքներ են առաջադրվել լրատվամիջոցներից վերցրած տեսանյութերով,  ոստիկանների կեղծ զեկուցագրերով, ապօրինի որոշումներով։
Իմ պաշտպանյալներից մեկին կալանավորել էին անանուն, մեզանից թաքցրած ինչ-որ ոստիկանի զեկուցագրի հիման վրա»,-  ասաց նա։

Հարցին, եթե նմանատիպ դեպքեր արձանագրվեին այս տարվա ապրիլին, արդյո՞ք ՀՔԾ-ն նման կերպ կվարվեր, նա պատասխանեց. «Անկեղծորեն ասած՝ չեմ կարող ասել կբացահայտվեր, թե ոչ։ Այդ ժամանակվա դեքպերի հետ էլ կապաված գործ կա, որն ընթացքի մեջ է, քննություն է տարվում»։

Ա. Պապիկյանն ասաց, որ այն էմոցիոնալ ապրումները, որ ունեին ՀՔԾ-ի վերաբերյալ, որ իրավիճակն արդեն շատ լավ է, համենայնդեպս, դեռ բացի էմոցիաներից քայլ առաջ չի նկատել։ 

Placeholder
Կամ սաբոտաժ է իրավունքի դեմ, կամ չեն ցանկանում. Փաստաբան