ԿԳ նախարար. Հայաստանը տարեցտարի զիջում է իր դիրքերը միջազգային օլիմպիադաներում
Կրթություն, գիտություն
19:23 02/10/2018
Հայաստան

ԿԳ նախարար. Հայաստանը տարեցտարի զիջում է իր դիրքերը միջազգային օլիմպիադաներում

«Ուսումնասիրելով վերջին տարիներին ՀՀ թիմերի արձանագրած արդյունքները՝ ակնհայտ է դառնում, որ մեր երկիրը տարեցտարի զիջում է իր դիրքերը միջազգային հարթակներում՝ արժանանալով ավելի քիչ թվով մրցանակների»,-ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների հանձնաժողովների նախագահների, թիմերի ղեկավարների և վերջին տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած մի խումբ երիտասարդների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ։

ԿԳ նախարարության փոխանցմամբ, նախարարը նշել է, որ այս քննարկումը Հայաստանի թիմը միջազգային օլիմպիադաներին պատշաճ կերպով նախապատրաստելու նպատակ ունի:

«Մեր նպատակն է՝ մասնագետների հետ քննարկել առկա խնդիրները, այդ թվում՝ պետբյուջեից օլիմպիադաների ֆինանսավորման հետ կապված հարցերը՝ տրամադրվող գումարներն առավել արդյունավետ բաշխելու նպատակով»,-նշել է նախարարը՝ ակնկալելով, որ հանդիպման մասնակիցները կկիսվեն իրենց դրական փորձով և առաջիկա անելիքներով, ինչպես նաև համապատասխան հետևություններ կարվեն՝ իրավիճակը բարելավելու նպատակով:

Որպես ցանկալի արդյունքի հասնելու հիմնական խոչընդոտներ՝ հանդիպման մասնակիցները նշել են լաբորատորիաների բացակայությունը, մարզերում համապատասխան խմբակների և մասնագետների պակասը, փորձագիտական հմտություններ ունեցող դպրոցականների փոքր թիվը և այլն:

Նշվել է, որ օլիմպիադան առավելապես կամավորական շարժում է, որի հիմքում ընկած են դրանում ներգրավված մարդկանց նվիրումը և անձնական նախաձեռնողականությունը: Առաջարկ է հնչել՝ նախևառաջ կանոնակարգել օլիմպիադաների կազմակերպման գործընթացը, ինչպես նաև վերականգնել օլիմպիական ճամբարները, որտեղ, ըստ մասնագետների, դպրոցականները հնարավորություն կունենան օլիմպիադայից առաջ բարելավել իրենց պատրաստվածության մակարդակը:

Ըստ աղբյուրի, ամփոփելով քննարկումը՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2022 թվականին «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադան անցկացվելու է Հայաստանում, որը, ըստ նախարարի, լրացուցիչ խթան կհանդիսանա՝ օլիմպիական շարժումը զարգացնելու համար:
 

Placeholder
ԿԳ նախարար. Հայաստանը տարեցտարի զիջում է իր դիրքերը միջազգային օլիմպիադաներում