Աշոտյան. Միլսի հայտարարության արձագանքները բացահայտեցին  կարևորագույն մարտահրավերներ
Քաղաքական
13:15 18/10/2018
Հայաստան

Աշոտյան. Միլսի հայտարարության արձագանքները բացահայտեցին կարևորագույն մարտահրավերներ

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարությանը, նկատել, որ հայտարարությունը և արձագանքները բացահայտեցին մի քանի կարևորագույն մարտահրավերներ:

Հիշեցնենք, Երևանից հեռանալուց առաջ ամերիկացի դիվանագետը հարցազրույց էր տվել ու կարծիք հայտնել, որ «ԼՂ հարցի ցանկացած կարգավորում պահանջում է գրավյալ տարածքների մի մասի վերադարձ»։ Դեսպանի հայտարարության մասին Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հեռացող դեսպանի հայտարարությունը կարելի է համարել հեռացող մեսիջ»։

Պատգամավոր Արմեն Աշոտյանն ընդգծում է.

«1. Դեսպանի պաշտոնավարման վերջին օրերին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտնած տեսակետը աներկբա է, որ մասնավոր կարծիք չէր: Դիվանագիտության մեջ ընդունված է, որ գնացող դեսպաններն են հաճախ առավել կտրուկ արտահայտվում առկա խնդիրների վերաբերյալ, փաստացի բացահայտելով տվյալ երկրի իրական մտադրությունները:

2. Այդ հայտարարությունն ընդգծեց, որ կարգավորման գործընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանակներում ձեռք բերված երեք հիմնարար մոտեցումները ոչ թե ինքնստինքյան են տրվել, այլ հայակական կողմի դիվանագիտական ջանքերի արդյունք են եղել:

3. Հարցին անդրադառնալու հիմնական բեռը մնաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, ով իրեն յուրահատուկ ոճով փորձեց ցրել խնդիրը, վերագրելով այդ միտքը «գնացող դեսպանին»: Սա տակտիկապես հասկանալի հնարք է, բայց իրականության մեջ միայն բազմապատկում է հայ հասարակության անհագստությունները:

4. Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր իշխանությունները չեն կարող անվերջ մնալ նոր մոտեցումների դիվանագիտական արտահայտման ամորֆ փնտրտուքի մեջ: Պատահական չէ, որ անգամ իշխանափոխությունից հետո ԼՂ հիմնախնդրին վերաբերող բանաձևերում նոր իշխանությունները նորից ստիպված են ապավինել մեր օրոք արած մշակումներին, օրինակը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Կոնֆլիկտների մասին ընդունված բանաձևն է:

5. Դեսպանի հայտարարությունը բացահայտեց նաև պետության քաղաքական դիմադրողականության անկումը, երբ մեկ ուժի տոտալ մենիշխանության պարագայում թուլացած են պատեհ պահին պետական շահերի պաշտպանության բեռը իրենց վրա վերցնելու պատրաստ ուժերի ռեսուրսները: Սա ևս մեկ անգամ ընդգծում է քաղաքական բազմակարծություն ունենալու կարևորությունը ապագա խորհրդարանում, ուժեղ արմատական ընդդիմությամբ, որը հարկ եղած դեպքում իր վրա կարող է վերցնել տարաբնույթ աշխարհաքաղաքական խաղերին հակազդելու ծանրությունը»։

Placeholder
Աշոտյան. Միլսի հայտարարության արձագանքները բացահայտեցին կարևորագույն մարտահրավերներ