Տեղեկատվական տեխնոլոգիաները կերտում են ապագան.  հայտնի են ՏՏ ոլորտի լավագույն աշակերտներն ու ուսանողները
Տնտեսություն
17:34 23/10/2018
Հայաստան

Տեղեկատվական տեխնոլոգիաները կերտում են ապագան. հայտնի են ՏՏ ոլորտի լավագույն աշակերտներն ու ուսանողները

«Ինձ համար այս մրցանակը մեծ նշանակություն ունի, քանի որ իմ ապագան տեսնում եմ հենց ՏՏ ոլորտում»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Լավագույն աշակերտ» անվանակարգում մրցանակի արժանացած Բագրատ Խաչունցը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Բագրատ Խաչունցը սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում: «Այս մրցանակը տալիս են այն աշակերտներին ու ուսանողներին, որոնք որոշակի գիտելիքներով կամ նախագծերով աչքի են ընկել ՏՏ ոլորտում, կամ ՏՏ ոլորտի խորը գիտելիքներ ունեն, ինչը շատ կարևոր է այսօր»,- ասում է ավագ դպրոցի աշակերտը:

Բագրատն իր ապագան պատկերացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և միայն Հայաստանում: «Եթե բոլորը գնան, մեր երկիրն ո՞վ պետք է զարգացնի: Երիտասարդները հենց նրա համար են, որ իրենց գիտելիքները ներդնեն երկրի զարգացման գործում, ցանկացած հայ իր կարողությունների չափով պետք է աջակցի մեր երկրին»,- նշում է մրցանակակիրը:

Բագրատի դասընկերը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի աշակերտ Միքայել Սաղաթելյանը նույնպես արժանացել է մրցանակի: Նա  իր ստացած պարգևը համարում է նոր մեծ հնարավորությունների սկիզբ: Հաստատ որոշել է, որ ծրագրավորող է դառնալու: «Ես պլաններ ունեմ հետագայում աշխատել հենց այս ոլորտում: Կարծում եմ՝ հաջողությունների կհասնեմ»,- ասում է Միքայել Սաղաթելյանը:

Այս տարի առաջին անգամ հանձնեցին նաև Գլխավոր մրցանակ, որին արժանացավ  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ասպիրանտ Ռաֆայել Գրիգորյանը: «Մրցանակը միանշանակ պարտավորեցնող է, այն ինձ միշտ հիշեցնելու է, որ ինձ հավատում են: Սպասելի էր, որ հնարավոր է ինչ-որ մրցանակի արժանանամ, բայց  Գրան Պրին անսպասելի էր»,- մեզ հետ զրույցում նշում է Ռաֆայելը:

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը ՏՏ  ոլորտը  հայտարարել է գերակա, ինչը նշանակում է՝ հիմքը կա, բայց կա նաև ահռելի մեծ աշխատանք, որ պետք է նյութականացվի. «Մենք ունենք պոտենցիալ, պարզապես պետք է ուսումնական ծրագրերն ավելացնել, որ ավելի շատ մարդ ներգրավեն, ի վերջո տեղեկատվական տեխնոլոգիաները կերտում են ապագան»:

«Լավագույն մագիստրանտ» անվանակարգում մրցանակի է արժանացել ժամկետային զինծառայող  Վարդան Պետրոսյանը: Նա մագիստրատուրան ավարտելուց հետո այս տարվա ամռանը զորակոչվել է բանակ: Ծառայում է ԶՈւ կապի վարչության արդի տեխնոլոգիաների մշակման խմբում: «Մասնագիտական գիտելիքներով փորձում եմ օգտակար լինել մեր բանակին: Այս մրցանակը նաև հաջողության նշան է, որ ճիշտ ուղու վրա ես գտնվում, որ պետք է խորացնել գիտելիքները: Եթե պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է, նշանակում է, որ ինչ-որ հատկանիշներ տեսել է: Դա նաև պարտավորեցնող է, որ էլ ավելի լավ մասնագետ դառնամ իմ երկրի համար»,- ասում է զինծառայողը:

Նշենք, որ ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական պարգևին են արժանացել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՍՀ) և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի (ԵՏԱ)« Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) համապատասխան ֆակուլտետների ուսանողները, ինչպես նաև ԵՊՀ-ին առընթեր  Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երևանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, ՀԱՊՀ- Երևանի ավագ դպրոցի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ  հատուկ դպրոցի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Այբ» ավագ դպրոցի աշակերտները:

Placeholder
Տեղեկատվական տեխնոլոգիաները կերտում են ապագան. հայտնի են ՏՏ ոլորտի լավագույն աշակերտներն ու ուսանողները