Փաշինյանն առաջարկում է զինծառայողների բնակարանի վարձը փոխհատուցելու փոխարեն հիփոթեքային վարկ ձևակերպել
Հասարակություն
17:58 22/11/2018
Հայաստան

Փաշինյանն առաջարկում է զինծառայողների բնակարանի վարձը փոխհատուցելու փոխարեն հիփոթեքային վարկ ձևակերպել

Գործադիրը սահմանել է պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը:

Փոխհատուցման չափի որոշման հիմքում դրվել են պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամների քանակի և ծառայության ու վարձակալված բնակելի տարածության վայրերի միջև հեռավորության սկզբունքները, նախատեսվել են փոխհատուցման իրավունքի և վճարման դադարեցման պայմանները:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ ՊՆ-ն իր միջոցների հաշվին մոտ 1/3-ի չափով ավելացրել է փոխհատուցման գումարները՝  հաշվի առնելով գործընթացի շրջանակում զինծառայողների դժգոհությունները, ինչպես նաև շահագրգիռ պետական մարմինների առաջարկությունները:

«Նախկինում այն եղել է մոտ 2 մլրդ 307 մլն դրամ, նախատեսվում է 915 մլն 810 հազար դրամի ավելացում և ընդհանուր գումարը հասնելու է 3 մլրդ 222 մլն 852 հազար դրամի»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հարցի լուծման այլ տարբերակներ քննարկել, օրինակ՝ գումարները տրամադրվեն հիպոթեկային վարկի սպասարկման համար:

«Ինձ թվում է՝ արժե Կենտրոնական բանկի հետ համատեղ այս հարցը քննարկել»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ նման մեխանիզմ կիրառելու դեպքում հնարավոր կլինի շահառուների մի մասին ապահովել բնակարանով:

Ըստ նախագծի, զինծառայողին վարձակալության համար կհատկացվի ոչ ավելի քան, Երևանում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 85000 դրամ, այլ քաղաքներում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 38000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 50000 դրամ, իսկ այլ բնակավայրերում՝ մինչև 4 անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 20000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին՝ 25000 դրամ:

Placeholder
Փաշինյանն առաջարկում է զինծառայողների բնակարանի վարձը փոխհատուցելու փոխարեն հիփոթեքային վարկ ձևակերպել