ԳԹԿ փոխտնօրենը՝ 9-րդ դասարանի կենտրոնացված քննության մասին
Կրթություն, գիտություն
15:07 26/11/2018
Հայաստան

ԳԹԿ փոխտնօրենը՝ 9-րդ դասարանի կենտրոնացված քննության մասին

Այս տարի կենտրոնացված քննություն կհանձնեն միայն 9-րդ դասարանցիները՝ «Հայոց լեզու» առարկայից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։

Նա հիշեցրեց, որ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր պաշտոնավարման սկզբում խոսել էր միջին և ավագ դպրոցներում «Հանրահաշիվ» և «Հայոց լեզու»  առարկաներից  կենտրոնացված քննություններ հանձնելու մասին։

«Կրթության և գիտության նախարարն առաջարկել էր 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացնել կնետրոնացված քննություն։ Սա նշանակում էր, որ եթե մինչև հիմա, 9-րդ և 12-րդ  դասարանցիները ավարտական քննությունները հանձնում էին իրենց դպրոցներում, ապա տվյալ առարկայի քննությունները պետք է հանձնեին արդեն կենտրոնացված։ Սակայն 12-րդ դասարանի կենտրոնացված քննությունից մի քանի օր առաջ հրաժարվեց նախարարությունը,  մնաց միայն 9-րդ դասարանը և «Հայոց լեզու» առարկան։  9-րդ դասարանում եթե նախորդ երկու տարիներին անցկացնում էինք փոխադրություն, ապա այս անգամ կլինեն թեստային աշխատանքներ, որը բաղկացած է լինելու երեք մասից», - մանրամասնեց Նասիբյանը։

Նա ասաց, որ «Հայոց լեզվից» 9-րդ դասարանի կենտրոնացված քննությունը կանցկացվի մայիսի կեսերին, օրը դեռ հստատ չէ և  նախնական տվյալներով կմասնակցեն 9-րդ դասարանում սովորող 31300-ից ավելի աշակերտ։

«Հանրապետությունում ստեղծվելու են 250-ից ոչ պակաս քննական կենտրոններ, որոնք լինելու են թե մայրաքաղաքում, թե մարզկենտրոններում, թե մարզի քաղաքներում ու գյուղերում։ Նշեմ, որ 9-րդ դասարանում քննության կազմակերպիչներին ընտրելու ենք մանկավարժական կադրերից, սակայն ոչ տվյալ դպրոցի մանկավարժներից»,- հավելեց ԳԹԿ տնօրենի տեղակալը։

Placeholder
ԳԹԿ փոխտնօրենը՝ 9-րդ դասարանի կենտրոնացված քննության մասին