«Լույս»-ի նոր նախաձեռնությունը. շրջանավարտները Հայաստան են հրավիրում իրենց դասախոսներին
Կրթություն, գիտություն
20:12 27/11/2018
Հայաստան

«Լույս»-ի նոր նախաձեռնությունը. շրջանավարտները Հայաստան են հրավիրում իրենց դասախոսներին

«Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի շրջանավարտների հրավերով նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Քյուսիկի դասախոսությունը «Ներքաղաքական անհանգստության գինը» թեմայով։  Միջոցառմանը հրավիրված են եղել «Լույսի» նախկին կրթաթոշակառուներ, բարձր առաջադիմությամբ ուսանողներ տարբեր բուհերից և այլ հյուրեր։

«Լույս» hիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դասախոսությունից առաջ միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է «Լույսի» հոգաբարձուների խորհրդի երկարամյա անդամ Վիգեն Սարգսյանը։ 

Նա հայտնել է, որ խորհրդի կողմից ստացել է առաջարկ ստանձնելու հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, որը սիրով ընդունել է:

Ըստ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրենի, շրջանավարտների այս նախաձեռնությունը լավագույն օրինակներից է, թե ինչպես ժամանակին հիմնադրամից ստացած կրթաթոշակը կարող է հետադարձ դրական ազդեցություն ունենալ «Լույսի» համայնքի ներկայացուցիչների ու Հայաստանի վրա:

Ողջույնի խոսքում Վիգեն Սարգսյանը հատուկ ընդգծել է, որ հիմնադրամը իր խոստմանը համաձայն շարունակում է ֆինանսավորել շուրջ 70 կրթաթոշակառուի մինչև նրանց ուսումնական ծրագրերի ավարտը:

Կարևորելով «Լույսի» համայնքի անդամների կողմից կուտակած գիտելիքն ու փորձը ու առաջնորդվելով այդ գիտելիքը ի շահ Հայաստանի զարգացմանը ծառայեցնելուն` Վիգեն Սարգսյանը նշել է, որ խորհրդի կողմից որոշում է կայացվել հիմնադրել տարածաշրջանում լավագույն ուղեղային կենտրոններից մեկը:

Կենտրոնը «Լույս» համայնքի ներուժը նպատակադրվելու է ծառայեցնել պետության բոլոր հիմնական ոլորտների զարգացմանը: Ամփոփելով խոսքը, Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին և մասնակիցներին, ինչպես նաև տարիների ընթացքում հիմնադրամի լավագույն բարեկամներ դարձած բարերարներին ու դոնոր կազմակերպություններին։

Միջոցառման հիմնական հատվածում հրավիրված դասախոս պրոֆեսոր Քյուսիկը ներկայացրել է հեղափոխական ու այլ ճգնաժամային իրավիճակների պայմաններում առանձին երկրներում օտարերկրյա ներդրումների պասիվության պատճառները։ Ըստ նրա, գոյություն ունի սերտ փոխկապվածություն օտարերկրյա ուղղակի ներդրումների և քաղաքական անկայունության միջև և այդ կապը բացասական է: Ամերիկացի պրոֆեսորի մոտեցմամբ օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազման միտումը պայմանավորված է նաև քաղաքական անկայունության էությամբ։ 

Դասախոսությունից հետո տեղի է ունեցել պանելային քննարկում, որին հրավիրված են եղել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Մասնակիցները հարցեր են ուղղել պրոֆեսոր Քյուսիկին և հնարավորություն ստացել համադրելու տնտեսագետների տեսակետները միևնույն խնդիրների վերաբերյալ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լույս» գիտահետազոտական վերլուծական կենտրոնում ներգրավված կլինեն ոչ միայն «Լույսի» շրջանավարտները, այլ նաև վերլուծական և գիտահետազոտական ոլորտի լավագույն մասնագետները թե՛ Հայաստանից և թե՛ Սփյուռքից, որոնք հնարավորություն կունենան արժանապատվորեն ծառայել մեր պետությանը՝ իրենց մասնագիտական և հետազոտական գործունեության շրջանակներում։

Առաջիկայում կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն գիտահետազոտական կենտրոնի գործունեության ու ծրագրերի վերաբերյալ։

Placeholder
«Լույս»-ի նոր նախաձեռնությունը. շրջանավարտները Հայաստան են հրավիրում իրենց դասախոսներին