Անկախ դիտարկումը վկայում է սոցիալական մեդիայում վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության աճի մասին
Օրվա թեմա
11:40 04/12/2018
Հայաստան

Անկախ դիտարկումը վկայում է սոցիալական մեդիայում վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության աճի մասին

Դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող անկախ մշտադիտարկումը վկայում է համացանցում ու հատկապես սոցիալական մեդիայում արժանապատվությունը վիրավորող ու ատելության խոսքի, անհանդուրժողականության աճի մասին:

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, նպատակային դիտարկումը վկայում է, որ այլակարծությունն արժանանում է անհանդուրժողական վերաբերմունքի՝ ուղեկցվելով նաև ագրեսիվ բնույթի արձագանքներով հատկապես առերևույթ կեղծ օգտատերերի կողմից: Հաճախ հաշվի չի էլ առնվում արտահայտվող խոսքի բովանդակությունը կամ մեկնաբանությունն արվում է՝ միայն կարծիք հայտնողի անձը հաշվի առնելով:

«Այս վիճակը դժվարացնում է նաև լրագրողների աշխատանքը, քանի որ սոցիալական ցանցերի օգտատերերի ու հատկապես առերևույթ կեղծ օգտատերերի գրառումներում առկա են արժանապատվությունը վիրավորող մեկնաբանություններ ու գրառումներ՝ ուղղված լրագրողներին:

Դիտարկումն արձանագրել է դեպքեր, երբ սոցիալական ցանցերի օգտատերերն իրեն գրառումներում թիրախավորում են հարցազրույց կամ այլ նյութ հրապարակած լրագրողին՝ նույնացնելով նրան հարցազրույց տվողի կամ այլ նյութի հեղինակի հետ:

Մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից ցանկացած պարագայում կարևոր է մարդու արժանապատվության լիարժեք պաշտպանությունը: Արժանապատվությունը մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է, անօտարելի է մարդուց:

Նկարագրված իրավիճակում կարևոր է զանգվածային լրատվամիջոցների դերը:

Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր լրատվամիջոցներին հորդորում է  հեռացնել վիրավորանք կամ ատելության խոսք պարունակող ցանկացած մեկնաբանություն՝անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից: Հորդորում ենք նաև ավելի մեծուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաև վերնագրերի ընտրությանը»,-ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։

 

Placeholder
Անկախ դիտարկումը վկայում է սոցիալական մեդիայում վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության աճի մասին