Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխանության մեջ շատ մարդիկ կան, որ շահագրգիռ են այդ առևտրով. Լևոն Շիրինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքայի հետ, բայց առանց Լեռնային Ղարաբաղին վերաբերող նախապայմանների։
«Մենք պատրաստ ենք ուղիղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանների և հույս ունենք, որ Թուրքիան նույն դիրքորոշումը կունենա»,- ասել է նա։
Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ խոսեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ՝ խնդրելով հայտարարության համատեքստում դիտարկել նաև Հայոց ցեղասպանության թեման։
Panorama.am- Պարոն Շիրինյան, ի՞նչ է նշանակում Թուրքիայի հետ հարաբերություններ՝ առանց նախապայամանների։ Արդյո՞ք՝ նաև առանց Ցեղասպանության ճանաչման հարցի։
Լևոն Շիրինյան- Այդ հարցը չկա, գոյություն չունի։ Ցեղասպանությունը հայկական կողմը ճանաչման իմաստով դիտել է ինքնուրույն մի հարց, որը քաղաքականության հետ կապ չունի։ Շարունակում ենք նույնը, բայց որ Ցեղասպանության ճանաչումը դառնա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման, պաշտոնապես չի դրվում։ Չի ասում՝ «Ճանաչիր, որ հարաբերվեմ»։ Հայաստանն ի վիճակի՞ է Թուրքիայի հետ հարաբերությունները նախապայմանով կարգավորել։ Չի կարող։ Քայքայված տնտեսությմբ երկիրը կարո՞ղ է նախապայմաններ առաջադրել։ Երկրորդ, այդ հարցն ունի փորձագիտական լրջագույն ուսումնասիրության կարիք։
Panorama.am- Այսինքն՝ եթե Հայաստանը տնտեսապես հզոր երկիր լիներ, կարո՞ղ էր Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը։
Լևոն Շիրինյան -Իրավունք էլի ունենք, բոլոր իրավունքները՝ թե բարոյական, թե իրավական։ Բայց եթե մեր տնտեսության օրինակ տեքստիլ արտադրության ճյուղն էապես կախված է Թուրքիայի մատակարարումներից, բացի այդ՝ Հայաստանը խնդիրների մեջ է Ադրբեջանի հետ, այս հետհեղափոխական շրջանում Հայաստանը կարո՞ղ է նախապայման առաջ քաշել։
Panorama.am- Պարոն Շիրինյան, հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումից հետո ինչո՞ւ կրկին վերադառնալ նույն խնդրին, որից վերջապես ազատվել էինք։
Լևոն Շիրինյան- Հայաստանում իշխանության փոփոխություն է տեղի ունեցել, և վարչապետն էլ ենթադրում է, որ երկար ժամանակ վարչապետ է լինելու։ Նա իր դիրքորոշումն է հայտնում։ Այսինքն՝ հարց կա՝ նորը պաշտպանո՞ւմ է հնի տեսակետը, թե ոչ։
Panorama.am- Իսկ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է հինը վերահաստատվում, ոչ թե նոր կոնցեպտ առաջադրվում։ Նոր կոնցեպտ չկա՞։
Լևոն Շիրինյան- Կոնցեպտների առանձին փոփոխություն չկա։ Նիկոլ Փաշինյանն այսպես է վարվում, որպեսզի վստահություն լինի իր հանդեպ։
Panorama.am- Պարոն Շիրինյան, այս պայմաններում, երբ հայաստանյան շուկան ողողված է ամենատարբեր թուրքական ապրանքներով, ի՞նչ կլինի տեղական արտադրողի ապագան, երբ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատվեն։
Լևոն Շիրինյան- Վիճակը շատ վատ կլինի։ Պետք է տնտեսության զարգացում ապահովենք։ Մենք պետք է նվազեցնենք Թուրքիայից մեր կախվածությունը, խրախուսենք ներքին արտադրողին։ Պետությունը պետք է պաշտպան կանգնի արտադրողին, ոչ՝ ներկրողին։ Բայց իշխանության մեջ շատ մարդիկ կան, որ շահագրգիռ են այդ առևտրով։
լուսանկարը՝ 2009 թ. հայ-թուրքական արձանագրություններից ստորագրումից հետո